Ucom-ը մասնակցել է Երեւանում կայացած Career City Fest-ին՝ ներկայացնելով իր կորպորատիվ մշակույթը, արժեքները եւ կարիերայի հնարավորությունները երիտասարդ մասնագետների եւ աշխատանք փնտրողների համար:

Career City Fest-ը համախմբել էր ավելի քան 100 առաջատար գործատուի։ Այն եզակի հարթակ է, որտեղ հանդիպում են ընկերություններն ու իրենց ապագա աշխատակիցները: Փառատոնի ընթացքում 40-ից ավելի բանախոս ելույթ է ունեցել՝ կիսվելով փորձով ու խորհուրդներով: Growth Zone եւ Future Career Conf ծրագրերի ընթացքում տեղի են ունեցել ելույթներ եւ պանելային քննարկումներ՝ կարիերային առնչվող արդիական թեմաներով։ CCF բաթլների ժամանակ պրոֆեսիոնալ բանավեճեր են կազմակերպվել:

Ucom-ի տաղավարն առանձնացել է իր ջերմ մթնոլորտով եւ ինտերակտիվ մոտեցմամբ: Ընկերությունում առկա թափուր հաստիքներով հետաքրքրված այցելուները կարողացել են խորհրդատվություն ստանալ դիմելու կարգի վերաբերյալ, նաեւ խորհուրդներ, թե ինչպես պատրաստվեն հարցազրույցին եւ պատասխանեն հաճախ տրվող հարցերին։ Միջոցառման մասնակիցներից շատերը հետաքրքրվում էին նաեւ պրակտիկայի հնարավորություններով եւ մասնագիտական զարգացման ծրագրերով։ Բացի այդ, բազմաթիվ այցելուներ մասնակցել են Ucom-ի տաղավարում կազմակերպված ինտերակտիվ խաղերին:  

«Career City Fest-ը հիանալի հնարավորություն էր մեզ համար՝ կիսվելու Ucom-ի մշակույթով եւ արժեքներով, ինչպես նաեւ անմիջականորեն շփվելու երիտասարդ մասնագետների հետ, որոնք փնտրում են իրենց կարիերայի ուղին: Մենք ձգտում ենք ստեղծել անմոռանալի փորձառություն եւ ցույց տալ, որ Ucom-ը ոչ միայն առաջատար հեռահաղորդակցության ընկերություն է, այլեւ գործատու, որը ներդրում է կատարում իր թիմի զարգացման եւ աճի մեջ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Որպես պատասխանատու ընկերություն` Ucom-ը շատ լուրջ է վերաբերվում ներքին մշակույթի զարգացմանն ու աշխատակիցների համար լավագույն եւ անվտանգ աշխատանքային պայմանների ստեղծմանը: