17:32 | 28.04.25 | Նորություններ | 132
Ապրիլի 23-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանի ուղեկցությամբ «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը հանդիպել է Հնդկաստանի Ռաջաստան նահանգի կառավարության արդյունաբերության եւ առեւտրի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչության նախարար Ռաջիավարդհան Սինգ Ռաթորի հետ:
Հանդիպման առանցքում են եղել Հնդկաստանի Ռաջաստան նահանգում «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» (Seaside Startup Summit) միջոցառման անցկացման հնարավորությունները՝ հայ-հնդկական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, մասնավորապես՝ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառի համագործակցության ակտիվացման համատեքստում:
Հանդիպմանը փոխանցվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի՝ նախարար Ռաջիավարդհան Սինգ Ռաթորին ուղղված նամակը:
Նամակում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ նորարարության, ստարտափ էկոհամակարգի, ձեռներեցության եւ տնտեսական հզորացման զարգացման ու խորացման ուղիներին ու հնարավորություններին: Մխիթար Հայրապետյանն առանձնահատուկ անդրադարձել է Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ՝ «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի Seaside Startup Summit նախաձեռնության Ռաջաստանում անցկացման կարեւորությանն ու հեռանկարներին, որն ըստ նախարարի համարվում է այս նախաձեռնության իդեալական մեկնարկային հարթակ՝ հաշվի առնելով նահանգի՝ բիզնեսի կողմնակից քաղաքականությունը, ներդրողների համար բարենպաստ մթնոլորտը եւ նորարարության անսասան աջակցությունը: