«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունն ապրիլի 25-26-ին մասնակցել է Career City Fest 2K25 լավագույն գործատուների փառատոնին։ Այս տարի փառատոնն իրականացվել է Բրենդի ուժը, արժեքներ, թիմ, արտադրանք կարգախոսով։
ՍոֆթԿոնստրակտը, որպես երկրի խոշորագույն ՏՏ ընկերություն, առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի աշխատաշուկայում եւ համարվում է վստահելի ու զարգանալու հնարավորություն առաջարկող գործատու։ ՍոֆթԿոնստրակտի տաղավարում այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալ ընկերության 50-ից ավելի ազատ հաստիքներին ՄՌԿ, ՏՏ, ֆինանսների, ադմինիստրատիվ եւ այլ բաժիններում։ Ի դեպ, ընկերությունն այս տարի ներկայացել էր տարբերվող տաղավարով, որտեղ այցելուները հնարավորություն ունեին համտեսել սուրճ եւ հյութեր, օգտվել ձեռքերի մերսման ծառայությունից, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ լուսանկարահանում ունենալ իրենց CV-ի կամ LinkedIn պրոֆիլի համար։
«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունն անմասն չի մնացել նաեւ մասնագիտական քննարկումներից․ ընկերությունների խմբի ՄՌԿ տնօրեն Մարիա Կարապետյանը բանախոսությամբ հանդես է եկել «Փափուկ հմտություններ, բարդ հաղթանակներ․ Կարիերայի իրական գերուժը» թեմայով․ «Կարծում եմ՝ այսօր բոլոր գործատուները միանշանակ հանգել են այն մտքին, որ թեեւ տեխնոլոգիաները եւ արհեստական բանականությունը միգուցե շատ կարեւոր են, սակայն փափուկ հմտությունները ոչ պակաս կարեւոր են եւ կարելի է ասել բարձրանում են առաջին շեմ»:
Երկօրյա փառատոնի ընթացքում ՍոֆթԿոնստրակտը ներկայացրել է ընկերության արժեքները, թիմային մշակույթն ու հնարավորությունները թե՛ սկսնակ մասնագետների, թե՛ փորձառու թեկնածուների համար։ Ընկերությունը ձեռք է բերել նոր աշխատանքային եւ գործնական պայմանավորվածություններ։
CCF-ն ամենամյա լավագույն գործատուների փառատոն է, որն անցկացվում է 2023 թվականից։ Երկու տարվա ընթացքում փառատոնին մասնակցել են հազարավոր այցելուներ եւ հարյուրավոր բանախոսներ ու ընկերություններ։
«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը ՏՏ ընկերություն է, որն առաջնորդվում է բիզնես գաղափարները բիզնես պատմությունների վերածելու եւ նորարարական լուծումներ մշակելու սկզբունքով։ ՊԵԿ-ի 2025թ․ տվյալներով ընկերությունը Հայաստանի խոշոր հարկ վճարող կազմակերպությունների տասնյակում է: