15:26 | 26.05.25 | Նորություններ | 883

Ամառային ընթերցանություն. խորհուրդ է տալիս Բիլ Գեյթսը

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը ավանդույթի համաձայն կիսվել է ամառային ընթերցանության ցանկով։

«Անձնական պատմություն»՝ Քեթրին Գրեհեմ

Գեյթսը Գրեհեմի հետ հանդիպել է 1991 թվականի հուլիսին, նույն օրը, երբ նա հանդիպել է Ուորեն Բաֆեթին։ Ինչպես Բաֆեթի դեպքում, նրանք դարձան ընկերներ։ Գրեհեմն առավել հայտնի է The Washington Post-ում Ուոթերգեյթի ճգնաժամի հրապարակումներով, սակայն նրա պատմությունը «շատ ավելին է, քան դա», նշում է ձեռնարկատերը։

Այն նկարագրված է 1997 թվականին՝ հեղինակի մահից ընդամենը մի քանի տարի առաջ հրատարակված հուշագրությունում, որը արժանացել է Պուլիցերյան մրցանակի։ Գրեհեմի հայրը «փրկեց The Washington Post-ը սնանկացումից», երբ նա դեռահաս էր, իսկ 1946 թվականին նրա ամուսնուն նշանակեց հրատարակիչ. այդ ժամանակ կնոջը թերթի ղեկին պատկերացնելը «անհավանական» էր։

photo © gatesnotes.com


Սակայն Գրեհեմը դեռ ստիպված էր ստանձնել հրատարակչության ղեկավարումը ամուսնու մահից հետո, որը տառապում էր երկբեւեռ խանգարումով եւ ինքնասպան էր եղել։ Չնայած տղամարդ գործընկերների ճնշմանը եւ կառավարման փորձի պակասին՝ նա հիանալի աշխատանք կատարեց՝ պաշտպանելով խմբագրական անկախությունը եւ վտանգելով իր հեղինակությունն ու բիզնեսը։

Գիրքն ավելին է, քան պարզապես «ամերիկյան պատմության հետաքրքրաշարժ գլուխ», այն քաջության, առաջնորդության եւ խոցելիության մեջ ուժի մասին է, գրում է Գեյթսը եւ խորհուրդ է տալիս նաեւ դիտել 2025 թվականի «Դառնալով Քեթրին Գրեհեմ» վավերագրական ֆիլմը։

«Հույսի հետեւից»՝ Նիկոլաս Քրիստոֆ

«Եթե դուք շատ եք ընթերցում, հավանաբար կարող եք թվարկել մեկ կամ երկու գիրք, որոնք փոխել են ձեր կյանքը», - գրում է Գեյթսը։ Նրա համար Քրիստոֆի 1997 թվականի «Նյու Յորք Թայմս» թերթում տպագրված սյունակն էր լուծի մասին, որը տարեկան սպանում էր 3 միլիոն երեխա։

Գեյթսն այդ ժամանակ արդեն մտածում էր իր կարողությունը բաժանելու մասին, բայց «հստակ առաքելություն» չկար։ Հոդվածը սահմանեց այն ուղղությունը, որը հետագայում դարձավ Գեյթսի հիմնադրամի աշխատանքային ուղղությունը։

photo © gatesnotes.com


Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Քրիստոֆը ռեպորտաժներ է արել ավելի քան 150 երկրից՝ լուսաբանելով պատերազմը, աղքատությունը, մարդու իրավունքները եւ առողջությունը։ Նրա գիրքը, սակայն, ոչ միայն իր լավագույն աշխատանքների ժողովածուն է, այլեւ՝ պատմություն այն մասին, թե «ինչպես դառնա Նիկ Քրիստոֆ»։

Քրիստոֆը հետաքրքրասեր է, նկատում է նրբերանգները եւ լավատես է մնում՝ անկախ նրանից, թե ինչ թեմաների մասին է գրում, նշում է Գեյթսը։

«Աշակերտը»՝ Տարա Վեսթովեր

Վեսթովերը մեծացել է «գյուղական Այդահոյում», ընտանիքում, որը հավատում էր, որ աշխարհի վերջը մոտ է, եւ կառավարությունը պետք է որքան հնարավոր է քիչ փոխազդի առողջապահական եւ կրթական համակարգերի հետ։ Հեղինակը դպրոց չի հաճախել եւ չի կարողացել տնային կրթություն ստանալ, քանի որ մանկուց աշխատել է։ Սակայն նա սկսել է ինքնուրույն սովորել եւ որոշ ժամանակ անց ստացել դոկտորի կոչում Քեմբրիջի համալսարանից։

photo © gatesnotes.com


Գիրքը Գեյթսին հիշեցրել է «Վայրի, վայրի երկիր» վավերագրական շարքը, որոնք երկուսն էլ ուսումնասիրում են այն մարդկանց, ովքեր իրենց համոզմունքների պատճառով մեկուսանում են հասարակությունից։

«Անգույն»՝ Թրեւոր Նոյ

Նոյը կատակերգու է եւ վարում էր ամերիկյան «The Daily Show» թոք-շոուն, ծնվել է Հարավային Աֆրիկայում՝ սեւամորթ մոր եւ շվեյցարացի հոր ընտանիքում՝ այն ժամանակաշրջանում, երբ նման միություններն արգելված էին։ Արդյունքում, Նոյը երբեք իր հայրենի երկրում չի ունեցել այնպիսի խումբ, որը կարող էր անվանել «սեփականը»։

Բայց նա լեզուների տաղանդ ունի եւ արագ հասկանում է, որ լեզուն մարդկանց հետ կապեր հաստատելու ավելի հզոր գործիք է, քան մաշկի գույնը։ Նա գրում է, որ դարձել է «քամելեոն» եւ կարողացել է փոխել իր «գույնի» ընկալումը. «Գուցե ես քեզ նման չէի, բայց եթե ես քեզ նման խոսեի, ես դու էի»։

photo © gatesnotes.com


Գեյթսը գրում է, որ Հարավային Աֆրիկայում իր մեծանալու պատմության մեծ մասը ողբերգական է. հայրը հեռացել է, ընտանիքն ապրում է աղքատության մեջ, ինքը ձերբակալվել է, իսկ խորթ հայրը կրակել է մոր վրա։ Այս բոլոր պատմությունները պատմվում են այնպես, որ հաճախ չես կարողանում զսպել ծիծաղը, նշում է Գեյթսը։

«Հանձնվել»՝ Բոնո

Սա պատմություն է այն մասին, թե ինչպես Փոլ Հյուսոն անունով արվարձանային իռլանդացի տղա մեծացել եւ դարձել է U2 ռոք խմբի երաժիշտ՝ Բոնո կեղծանվամբ։

Microsoft-ի համահիմնադիրը խմբի «մեծ երկրպագու» է եւ տարիներ շարունակ ընկերացել է Բոնոյի հետ, բայց նույնիսկ նրա համար կենսագրականում ներառված պատմություններից շատերը նախկինում անհայտ էին։ Օրինակ՝ հոր նկատմամբ երաժշտի զայրույթի եւ խմբի գրեթե լուծարման մասին։

photo © gatesnotes.com


Գեյթսը կարեւորում է թե՛ U2-ի ներսում առկա հարաբերությունները («անհավանական հավատարմություն»), թե՛ անդամների կիսած արժեքները։ Օրինակ՝ բոլորն ունեն կիրք՝ պայքարել աշխարհում աղքատության եւ անհավասարության դեմ, ինչպես նաեւ՝ նվիրվածություն իրենց գործին։