Հուլիսի 4-ից 6-ը Վանաձոր քաղաքը կհյուրընկալի հայկական տեխնոլոգիական համայնքի խոշոր իրադարձություններից մեկը՝ Tech Week 2025-ը։
Այս տարի Վանաձորում Tech Week-ը միավորելու է ոլորտի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, փորձառու եւ սկսնակ ձեռնարկատերերին, ուսանողներին եւ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիական ոլորտով։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում մինչ միջոցառման մեկնարկը կայացել է Tech Week Vanadzor 2025-ի պաստառի առաջին ցուցադրությունը եւ միջոցառման «դեսպանների» նշանակման արարողությունը։
Tech Week-ի նորանշանակ դեսպանները ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են, ովքեր կիսում են միջոցառման առաքելությունը եւ իրենց նպաստն են բերելու Tech Week-ի կայացմանը։
«Tech Week-ի անցկացման գաղափարը 2020 թվականից է սկսել եփվել։ Ինքս ապրել ու մեծացել եմ մայրաքաղաքից հեռու՝ Բերձորում, միշտ տեսել եմ նման նախաձեռնությունների պակաս, միշտ մտածել եմ, թե ինչ կարող ենք անել, որ մարզում ակտիվություն լինի։ 2021 թվականին մենք արեցինք մեր առաջին Tech Week-ը Ստեփանակերտում․ բոլոր կազմակերպչական աշխատանքներն իրականացվել էին ընդամենը մեկ ամսում։ Մեր գաղափարի հիմքում հետեւյալն է՝ երեք օրով տեխնոլոգիական կենտրոնը տեղափոխում ենք մարզ։ Այս տարի իրադարձությունների կենտրոնը Վանաձորն է․ ունենալու ենք տարաբնույթ հետաքրքիր միջոցառումներ»,- նշել է միջոցառման գաղափարի հեղինակներից՝ ԱՏՁՄ խորհրդի անդամ Սպարտակ Կյուրեղյանը։
Tech Week-ի հիմնական վայրը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատն է, որտեղ կանցկացվեն կոնֆերանսներ եւ պանելային քննարկումներ՝ տեղական եւ միջազգային փորձագետների մասնակցությամբ։
Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնում (VTC) կանցկացվի «ԴեւHacks» տեխնոլոգիական հաքաթոնը, որը կազմակերպվում է Layerswap ընկերության կողմից։
Tech Week Vanadzor 2025-ը հարթակ է նաեւ «Wings» գաղափարների մրցույթի համար, որը նպաստելու Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Մրցույթն ուղղված է տարբեր ոլորտների ձեռներեց թիմերին՝ տեխնոլոգիաներից մինչեւ ագրոբիզնես ու տուրիզմ։ Մրցույթի աջակիցն է Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցը (BANA)։
Tech Week Vanadzor 2025-ը ոչ միայն միջոցառում է, այլ տարածաշրջանային զարգացման շարժիչ ուժ։ Այն նախաձեռնել են, TCF-ը, Zealous-ը եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։