ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը:

Նախարարը նշել է, որ 2024 թվականի ՀՀ պետական բյուջեով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացվել է 18.4 մլրդ դրամ, որի դիմաց տարեկան ճշտված բյուջեն կազմել է 18.2 մլրդ դրամ, իսկ կատարողականը՝ 14.2 մլրդ դրամ կամ 77.1%։ 

Ըստ Մխիթար Հայրապետյանի՝ համեմատաբար ցածր ցուցանիշը հիմնականում պայմանավորված է թվայնացման բյուջեի ցածր կատարողականով։ 2023թ. համեմատ՝ նախարարության կողմից իրականացվող ծախսերը նվազել են 26%-ով կամ 5.7 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով։

2024թ. ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին իրականացվել են հետեւյալ ծրագրերն ու միջոցառումները․

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրով 2024թ. հատկացվել է 5 մլրդ դրամ, որի դիմաց տարեկան ճշգրտված բյուջեն կազմել է 11.6 մլրդ դրամ, իսկ կատարողականը՝ 9.8 մլրդ դրամ կամ ճշգրտված բյուջեի նկատմամբ՝ 85.6 %։ Նախարարի խոսքով՝ սա պայմանավորված է նրանով, որ 2023թ. հաստատվել է 2024թ. բյուջեն, որը չի ներառել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների պետական աջակցության այն ծրագիրը, որը հաստատվել է 2023թ. դեկտեմբերի վերջին։ Սա ենթադրում էր, որ 2024թ. տվյալ ծրագիրը պետք է իրականացվեր պահուստային ֆոնդից կամ այլ միջոցներից վերաբաշխման տարբերակով։

2023 թվականի համեմատ՝ տվյալ ծրագրի ծախսերն ընթացիկ տարում նվազել են 39.8 տոկոսով կամ 6.8 մլրդ դրամով։ Նվազումը պայմանավորված է նրանով, որ նախորդ տարում իրականացվել է երկու հիմնական պետական աջակցության ծրագիր, մինչդեռ 2024 թվականին շարունակվել է դրանցից միայն մեկը։ Վերջինս վերաբերում է այն ծրագրին, որով պետական աջակցություն է տրամադրվում տեխնոլոգիական ընկերություններին՝ աշխատանքային միգրանտների ներգրավման դիմաց։

Ծրագրի շրջանակում իրականացվել են նաեւ ոլորտային մի շարք միջոցառումներ․

«Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» միջոցառման համար 2024 թվականին հատկացվել է 613 մլն դրամ։ Ճշգրտված բյուջեն կազմել է 283 մլն դրամ, իսկ կատարողականը՝ 245.2 մլն դրամ կամ 86.7 տոկոս։ Միջոցառումն իրականացվել է ամբողջությամբ, իսկ տնտեսումներն ապահովվել են արդյունավետության բարձրացման արդյունքում։ 

«Մասսայական ուսուցում» բաղադրիչի շրջանակում, 30 մլն դրամի սահմաններում, կազմակերպվել են տեխնոլոգիական դասընթացներ ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի 9 համայնքում։ Նախատեսված էր 300 մասնակցի ընդգրկում, սակայն մասնակցել է շուրջ 400 անձ։ Կատարողականը կազմել է 29 մլն դրամ։

«Կարողությունների զարգացում» բաղադրիչի շրջանակում տրամադրվել են դրամաշնորհներ՝ ոլորտային կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման նպատակով։ Դասընթացներին մասնակցել է 23 կազմակերպության շուրջ 275 աշխատակից։ Դասընթացները իրականացվել են 5 ուսումնական կենտրոնում՝ այդ թվում Օքսֆորդի համալսարանում, Sunny School-ում, Armenian Code Academy-ում, «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնում եւ Business Development Group-ում։ Դասընթացները ընդգրկել են ավելի քան 25 ուղղություն։ Ծրագրի համար նախատեսված է եղել 120 մլն դրամ, որից վճարվել է 99.8 մլն դրամ։

«Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի ներքո 2024 թ. դեկտեմբերի 19-22-ը կազմակերպվել է տեխնոլոգիական հաքաթոն, որին մասնակցել են 11 ԲՈՒՀ-ի 110 ուսանող՝ ներկայացնելով տեխնոլոգիական հիմնախնդիրների լուծման նորարարական գաղափարներ։

Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի «ՏՏ դասընթացների կազմակերպում» բաղադրիչի շրջանակում ծախսվել է 13 մլն դրամ։ Վերապատրաստման մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 873։

2023թ. նոյեմբերի 23-ին կնքված պայմանագրերի հիման վրա, 2024թ. ընթացքում իրականացվել են վերապատրաստման դասընթացներ 3 ուսումնական կենտրոնի կողմից։ Դասընթացներին մասնակցել է շուրջ 849 անձ, որոնցից 530-ը ձեռք է բերել նոր աշխատանք կամ ունեցել է կարիերային առաջընթաց։ Միջոցառման համար նախատեսված էր 80 մլն դրամ, ծախսվել է 71.6 մլն դրամ։

Ամփոփելով ծրագիրը՝ նախարարն արձանագրել է, որ 2024 թվականին «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում սովորել եւ վերապատրաստվել է ընդհանուր առմամբ 2 397 անձ։

«Շուկաների զարգացում եւ միջազգային համագործակցություն» միջոցառման համար հատկացված 340 մլն դրամի դիմաց կատարողականը կազմել է 336.7 մլն դրամ կամ 99 տոկոս։ Նշված գումարի սահմաններում նախարարության նախաձեռնությամբ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով ապահովվել է մասնակցություն 5 ցուցահանդեսի եւ 3 համաժողովի, տրվել են կանխավճարներ նաեւ 2025թ․ ցուցահանդեսների համար։ Արդյունքում՝ ձեռք է բերվել 81 համագործակցություն, որից 22-ը՝ պայմանագիր, 20-ը՝ հուշագիր եւ համաձայնագիր, 39-ը՝ համագործակցության այլ ձեւեր։

2024թ․ ընթացքում կնքված պայմանագրերի հաշվին մասնակից կազմակերպությունները գեներացրել են տարեկան շուրջ 248.2 մլն դրամ հասույթ։

Ձեռնարկատիրության տեխնոլոգիական էկոհամակարգ միջոցառման գծով 2024-ին հատկացվել է 677.5 մլն դրամ, իսկ փաստացի կատարողականը կազմել է 636.8 մլն դրամ կամ 94 տոկոս։ 

Երեք ուղղությամբ իրականացվող միջազգային աքսելերատորային ծրագրի շրջանակում Հայաստանում ներգրավվել է «Plug and Play» միջազգային աքսելերատորը։ Ծրագրի շրջանակում 186 մլն դրամ ծախսվել է «Գաղափարից մինչեւ բիզնես», ինկուբացիոն եւ աքսելերացիոն ծրագրերի վրա, 235 մլն դրամ՝ ընդհանուր ինկուբացիա եւ աքսելերացիա, իսկ 215 մլն դրամ՝ «Ներուժ 4.0» եւ «Ներուժ 5.0» ծրագրերի շրջանակում։

«Գաղափարից մինչեւ բիզնես» ծրագրի շրջանակում բյուջեն կազմել է 55 մլն դրամ։ Ընկերություններից 7-ն արդեն հաջողությամբ ավարտել են պայմանագրերով նախատեսված միջոցառումները։ «Մուտք դեպի շուկա» բաղադրիչի շրջանակում վճարվել է շուրջ 160 մլն դրամ։

2024թ․ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն տրամադրելու միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 6.5 մլրդ դրամ՝ 100% կատարողականով։ Աջակցություն ստացած շահառուների թիվը կազմել է 39՝ նախատեսված 37-ի եւ նախորդ տարվա 376-ի դիմաց։

Նախարարը նշել է, որ 2025թ․ հունվարի 1-ից միջոցառումն իրականացվում է արդեն նոր տրամաբանությամբ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության նոր ընդունված յոթնամյա ծրագրի շրջանակում։

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Առեւտրի եւ ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրի շրջանակում երեք միջոցառմամբ հատկացվել է 2.8 մլրդ դրամ, ճշտված բյուջեն կազմել է 1.8 մլրդ դրամ, իսկ կատարողականը՝ շուրջ 1.3 մլրդ դրամ կամ 68.4 տոկոս։ Սա հիմնականում վերաբերում է «Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման եւ կահավորման շարունակականության ապահովում» կապիտալ միջոցառմանը, ինչպես նաեւ մեկ այլ՝ ինժեներական բիզնես աքսելերատորի շենքին վերաբերող փոքր նախագծի։ Հատկացված 67.9 մլն դրամն ամբողջությամբ ծախսվել է եւ ուղղվել է Ինժեներական քաղաքում տեղակայված «Ազնավուր» գերհամակարգչի կենտրոնի էլեկտրաէներգիայի ծախսերին։

Հեռահաղորդակցության ապահովում ծրագրի գծով 2024 թվականին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 2.3 մլրդ դրամ, ճշտված բյուջեն կազմել է 2.9 մլրդ դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 2.8 մլրդ դրամ կամ 95.8 տոկոս։ Այս տարբերությունը հիմնականում պայմանավորված է տարադրամի փոխարժեքի տատանումներով եւ առաջացած տնտեսումներով։ Ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է, թերակատարումներ չկան։

Միասնական թվային միջավայրի ձեւավորում ծրագրի գծով, որպես բյուջետային գլխավոր կարգադրիչ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024թ․ հատկացվել է 10.0 մլրդ դրամ։ Ճշտված բյուջեն կազմել է 2.6 մլրդ դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 430.7 մլն դրամ կամ 16.3%։

Մնացած 7.3 մլրդ դրամը վերաբաշխվել է մի շարք գերատեսչություններին՝ տարբեր միջոցառումների համար։

Ճշտված 2.6 մլրդ դրամից 1.4 մլրդ դրամը չի ծանրաբեռնվել պայմանագրերով՝ հայտերի բացակայության պատճառով, իսկ մնացած 1.2 մլրդ դրամի փոխարեն փաստացի կատարողականը կազմել է ընդամենը 430.7 մլն դրամ։