ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ընդունել է «Էյ Էմ Դի» (AMD) ամերիկյան ընկերության պատվիրակությանը՝ կորպորատիվ փոխնախագահ Դեն Գիբբոնսի գլխավորությամբ։

Ընկերությունն առավել հայտնի է համակարգչի մշակիչների եւ գրաֆիկական համակարգերի նախագծմամբ, մշակմամբ։

Հանդիպման ընթացքում կարեւորվել է Հայաստանի ՏՏ էկոհամակարգի զարգացումը, երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Մխիթար Հայրապետյանը կարեւորել է AMD-ի ներկայությունը Հայաստանի տեխնոլոգիական կյանքում, ներկայացրել տեխնոլոգիական զարգացման նպատակով իրականացվող պետական աջակցության ծրագրերը։

Նախարարը նշել է, որ Հայաստանը ձգտում է դառնալ միջազգային գիտահետազոտական (R&D) կենտրոն՝ համապատասխան ներդրումներ կատարելով այս ուղղությամբ։

Դեն Գիբբոնսը բարձր է գնահատել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաեւ ինժեներական կրթության ուղղությամբ գրանցած նվաճումները։