12:09 | 11.06.25 | Նորություններ | 1212
Կայացել է Սամսունգ Էլեկտրոնիքսի եւ UWC Դիլիջանի համատեղ Սամսունգի ինովացիոն կամպուս Հայաստան կրթական ծրագրի շրջանավարտների 3-րդ սերնդի ավարտական արարողությունը։
Այս տարի Երեւանից, Գյումրիից, Վանաձորից եւ Հայաստանի այլ համայնքներից շուրջ 100 երեխա հաջողությամբ ավարտել է Սամսունգի 9-ամսյա ֆորմալ դասընթացը։ Այն ներառում է 144 ժամ առկա ուսուցում, այնուհետեւ աշխատանք Android-ի համար նախատեսված հավելվածի անհատական նախագծի վրա։
Դասընթացը բաղկացած է 5 մոդուլից՝
● Java ծրագրավորման հիմունքներ,
● Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման ներածություն,
● Android հավելվածների ծրագրավորման հիմունքներ,
● Ալգորիթմներ եւ տվյալների կառուցվածքներ,
● Հավելվածների սերվերային մասին մշակման հիմունքներ:
Դասընթացի ավարտին ուսանողներն իրենց նախագծերը ներկայացրել են գնահատող հանձնաժողովին, որը բաղկացած էր Սամսունգի կողմից հավաստագրված ուսուցիչներից, համակարգչային գիտության ոլորտի մասնագետներից եւ բարձր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներից։
Հայաստանի՝ այս տարվա շրջանավարտների ավարտական աշխատանքի գնահատականների ցուցանիշը գերազանցել է այլ երկրների ուսանողների ցուցանիշներին։
2025-2026 ուսումնական տարվանից սկսած, Սամսունգի ինովացիոն կամպուս Հայաստանը, Սամսունգի նորացված ֆինանսավորմամբ, ընթացիկ ծրագրին զուգահեռ կմեկնարկի արհեստական բանականության դասընթաց համալսարանական ուսանողների համար։
Դիմորդներից ակնկալվում է մաթեմատիկայի կուռ գիտելիք, ներառյալ գծային հանրահաշիվ, հավանականություն եւ վիճակագրություն։ Սամսունգի մասնագետների մշակած դասընթացով իրականացվում է մեքենայական ուսուցման եւ նեյրոնային ցանցերի խորացված ուսուցում՝ համակարգչային տեսողության եւ բնական լեզվի մշակման մեջ գործնական կիրառություններով։
«Մենք չափազանց հպարտ ենք Սամսունգի ինովացիոն կամպուս Հայաստանի շրջանավարտների ձեռքբերումներով։ Վստահ ենք, որ Սամսունգի նորարարական ուսումնական դասընթացն ավարտած երեխաները պատրաստ են շարունակել կրթությունը եւ կարիերա սկսել ՏՏ ոլորտում՝ այսպիսով իրենց ներդրումը կատարելով Հայաստանի ՏՏ կենտրոնի համբավն ամրապնդելու գործում։ Միեւնույն ժամանակ Սամսունգի ինովացիոն կամպուս Հայաստանը նոր հանձնառություն է ստանձնել՝ մեկնարկելով բուհական ուսանողների համար նախատեսված ԱԲ դասընթացը»,- նշել է Սամսունգի ինովացիոն կամպուս Հայաստանի ծրագրի ղեկավար Վարդան Ավագյանը։
Արդեն ընդունվում են 14-16 տարեկանների համար նախատեսված Անդրոիդ հավելվածների մշակման դասընթացի եւ բուհական ուսանողների համար նախատեսված ԱԲ դասընթացի հայտադիմումներ։ Երկու դասընթացներն էլ ֆինանսավորվում են Սամսունգի կողմից եւ անվճար են մասնակիցների համար։
UWC Դիլիջանը եւ Սամսունգ Էլեկտրոնիքսը Սամսունգի ինովացիոն կամպուսը Դիլիջանում հիմնել են 2021 թվականին։