«Զինվորի տանը» նոր մասնաշենք է բացվել: Այն կառուցվել է ոչ միայն եղած հնարավորություններն ընդլայնելու, բուժառուների սպասարկման ծավալը մեծացնելու, այլեւ Հայաստանում վերականգնողական բուժման աննախադեպ մոդել կիրառելու նպատակով: 

Այս մասնաշենքը «Զինվորի տանը» հնարավորություն կտա իրականացնել կարեւոր ծրագրեր:  Դրանց շնորհիվ առավել արժանապատիվ պայմաններում ավելի մեծ թվով զինհաշմանդամներ միաժամանակ կկարողանան բուժում ստանալ: 

Նոր մասնաշենքում պատրաստ է քայլքի լաբորատորիայի դահլիճը: Բուժառուների հետազոտումն իրականացվելու է նոր տեխնոլոգիաների միջոցով, ինչը թույլ է տալու 2D ձեւաչափով տեսնել, ժամանակին ու առավել հստակ բացահայտել եւ գնահատել հնարավոր խնդիրները: Այս լաբորատորիան հնարավորություն է տալու հստակ գնահատել քայլքի բոլոր փուլերը եւ առավել թիրախային բուժել պրոթեզավորված, օրթեզավորված կամ նյարդաբանական խնդիրներ ունեցող մարդկանց: Այս ձեւաչափով, օրինակ, պրոթեզավորված մարդու քայլքի ժամանակ գնահատվելու է, թե քայլքը որ փուլում է առավել տուժած կամ որ մկանախումբն է տուժած, եւ բուժումն այս պարագայում անհամեմատ ավելի արդյունավետ  է լինելու: Սա բարձրացնելու է վերականգնողական բուժման արդյունավետությունը:

Viva-ի աջակցությամբ կառուցված նոր մասնաշենքում հնարավոր կլինի իրականացնել նաեւ սոցիալ-կենցաղային ռեաբիլիտացիա՝ «Կյանքի սենյակ» ծրագրով: Հայաստանում վերականգնողական բուժման այս մոդելն անգնահատելի արդյունք է ապահովելու՝ ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց կյանքի որակը բարձրացնելու հարցում: 

Վերականգնողական բուժմանը զուգահեռ՝ առանձնացված գոտիները ծառայելու են այնպիսի հմտությունների ձեռքբերմանը, որոնք կարեւոր են կենցաղում անհրաժեշտ գործողությունները միայնակ հաղթահարելու համար, մասնավորապես՝ ինչպե՞ս օգտվել խոհանոցից, երբ հանգամանքների բերումով մարդը ստիպված է դա անել մեկ ձեռքով, ինչպե՞ս ինքնուրույն լոգանք ընդունել կամ սայլակից տեղափոխվել հարմարեցված ավտոմեքենա: Իրավիճակները շատ են եւ տարբեր, լուծումը՝ վերականգնողական բուժման նոր մոդելի կիրառումը:

««Զինվորի տան» կողքին լինելը կարեւոր առաքելություն է Viva-ի համար: Այս կառույցի հետ մեր ճանապարհն սկսել ենք չորս տարի առաջ՝ գիտակցելով իրականացվող ծրագրերի անհրաժեշտությունը: Գործընկերության արդյունքում մեզ հաջողվել է բուժառու երիտասարդների հայացքում տեսնել ոտքի կանգնելու կամքն ու հավատը: Պատասխանատու մոտեցումն ու երկարաժամկետ արդյունք ապահովելու ձգտումը նպաստել են, որ Viva-ն ստանձնի նաեւ այս շենքի կառուցման առաքելությունը: Ասել, որ այսօր այստեղ նոր մասնաշենք է բացվում, նշանակում է ոչինչ չասել: Սա ոչ թե ուղղակի տարածք է, այլ մեծ նպատակների իրականացման կենտրոն, որտեղ իրենց անհավանական նվիրումն ու ջանքերն են գործադրելու բուժաշխատողները: Հենց այստեղ՝ այս պատերի ներսում են միավորվելու «Զինվորի տան» մյուս գործընկերները, հովանավորներն ու աջակիցները՝ վերականգնողական բուժման նոր եւ աննախադեպ մոդել ներդնելու համար: Թող այս տարածքն իրական «Կյանքի սենյակ» լինի բուժառուների համար», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Նոր կառուցված մասնաշենքի մեկ հարկում գործելու է հարմարավետ, ընդարձակ ճաշարան:  Բուժառու զինվորները հնարավորություն են ունենալու տեղում պատրաստված թարմ կերակուրներով սնվել օրական երեք անգամ: 

Այստեղ բուժառու կարող են լինել նաեւ քաղաքացիական անձինք (օրինակ՝ կաթվածից (ինսուլտից), վթարից հետո), բայց վճարովի հիմունքներով: Այդտեղից ստացված ամբողջ  շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը: 

«Viva ընկերության աջակցությամբ «Զինվորի տան» նոր մասնաշենքի կառուցումը մեզ հնարավորություն կտա իրականացնել ծրագրեր, որոնք վաղուց պլանավորում էինք, եւ այդ ծրագրերի համար նույնպես ունենք պատրաստակամ գործընկերներ, պարզապես այդքան տարածք եւ շենքային հնարավորություններ այլեւս չունեինք: Հիմա արդեն կկարողանանք կյանքի կոչել քայլքի լաբորատորիայի մեր ծրագիրը, կիրականացնենք սոցիալ-կենցաղային վերականգնողական բուժումը եւ տղաներին կապահովենք առավել հարմարավետ, մեծ ու լուսավոր ճաշարանով, որտեղ օրը 3 անգամ պետք է սնվեն: Եթե այս նոր մասնաշենքը մեր  գործընկեր Viva-ի աջակցությամբ չկառուցվեր, այս ամենը հնարավոր չէր լինի իրականացնել»,-ասել է «Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյանը:

«Այս մասնաշենքը մի նոր հնարավորություն է թե զինվորական հաշմանդամների, թե քաղաքացիական անձանց համար: Ինչպես գիտեք, հարյուրավոր, հազարավոր զինհաշմանդամներ «Զինվորի տանը» պետպատվերով բուժում են ստանում: Սակայն այս շենքի կառուցմամբ նրանք առավել հաճախ կկարողանան ստանալ այդ բուժումը, ստիպված չեն լինի հերթի սպասել: Այս պարագայում ոչ միայն զինհաշմանդամները, այլեւ ավելի շատ  քաղաքացիական անձինք կկարողանան մեզ մոտ բուժում ստանալ: Իսկ քաղաքացիների բուժումից ստացված ողջ շահույթը, ինչպես գիտեք, ամբողջությամբ ուղղվում է զինհաշմանդամների խնդիրների լուծմանը», - ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Կարեւոր նշանակության նոր մասնաշենքի կառուցման ամբողջ աշխատանքներն իրականացվել են հեռահաղորդակցության առաջատար օպերատորի՝ Viva-ի աջակցությամբ: Այդ նպատակով ընկերությունը նվիրաբերել է 159 մլն դրամ:

Շենքի ներքին հարդարման աշխատանքների մի մասը եւ նշված ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ գույքը, սարքավորումները ձեռք են բերվելու այլ գործընկերների աջակցությամբ:.