Արհեստական բանականության ամպային ծառայություններ մատուցող Firebird ընկերությունը, Հայաստանի կառավարությունը, NVIDIA-ն եւ Team Group-ը հայտարարել են ՀՀ-ում համատեղ առաջադեմ ԱԲ ենթակառուցվածք կառուցելու մասին։ 

Նպատակն է խթանել տեխնոլոգիական նորարարությունն ու Կովկասյան տարածաշրջանը ձեւավորել որպես AI կենտրոն։

«ԱԲ գործարանները 21-րդ դարի ենթակառուցվածքներն են: Մեր համագործակցությունը Հայաստանի հետ կօգնի կառուցել ԱԲ-ի հիմնարար ներուժ եւ բացել նոր հնարավորություններ նորարարության եւ տնտեսական աճի համար ողջ տարածաշրջանում»,- ասել է NVIDIA-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը։

«Սա նորարարության համար հարթակ կառուցելու մասին է՝ Հայաստանից դեպի ամբողջ աշխարհ: Մենք ներդրում ենք կատարելու նորարար մոդելների, ռոբոտատեխնիկայի եւ գիտությունների ոլորտներում՝ համագործակցելով աշխարհի առաջատար համալսարանների հետ եւ կառուցելով կարողություններ՝ Հայաստանում նորարարների հաջորդ սերունդը խթանելու համար», - ասել է Firebird.ai-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ռազմիկ Հովագիմյանը։

«Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժին՝ ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորություններ ստեղծող։ FireBird ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու NVIDIA-ն ամիսներ տեւած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։

Նախագծի շրջանակում՝

•    կիրականացվի 500 միլիոն դոլարի ներդրում,
•    կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ,
•    կձեւավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք,
•    գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։

AI տվյալային կենտրոնը կդառնա հարթակ նորարարությունների, կրթության, գիտության եւ ձեռներեցության համար։ Այն կխթանի տեղական ու միջազգային ստարտափների զարգացումը, կապահովի գիտության ու տեխնոլոգիայի կապը, Հայաստանը կդարձնի տարածաշրջանային տեխնոհաբ՝ արհեստական բանականության իրական ստեղծման վայր։

Այս նախաձեռնությամբ Հայաստանը ոչ միայն արձագանքում է գլոբալ տեխնոլոգիական փոփոխություններին, այլեւ դառնում է այդ գործընթացների մասնակից։ Ձեւավորվում է նոր հարթակ, որտեղ տեղական ներուժը հնարավորություն կունենա ստեղծելու արդիական լուծումներ՝ համահունչ միջազգային զարգացումներին։ Սա ռազմավարական ներդրում է մեր երկրի երկարաժամկետ տեխնոլոգիական առաջընթացի համար»,- գրել է Մխիթար Հայրապետյանը։

Team Group-ը կաջակցի Հայաստանի ԱԲ ենթակառուցվածքի զարգացմանը՝ տրամադրելով տեխնիկական եւ կապի ենթակառուցվածքներ՝ տվյալների կենտրոնի արագ գործարկումն ապահովելու համար։

Firebird-ի հիմնադիր ներդրողներից մեկը կլինի «Հայաստանի Աֆեյան հիմնադրամը» (The Afeyan Foundation for Armenia), իսկ հիմնադրամի ղեկավարն է Նուբար Աֆեյանը, որը միեւնույն ժամանակ Flagship Pioneering ընկերության գործադիր տնօրենն է. նա հանդես կգա Firebird-ի ռազմավարական խորհրդատու եւ հիմնադիր գործընկեր։