13:27 | 13.06.25 | Նորություններ | 262

15 հայկական ընկերություն մասնակցում է Viva Technolօgy 2025-ին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն չորրորդ անգամ հայկական միասնական տաղավարով Փարիզում մասնակցում է Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ Viva Technolօgy 2025 միջազգային ցուցահանդեսին։

Viva Technolօgy 2025-ին Հայաստանի տեխնոլոգիական ձեռքբերումները ներկայացնում է ոլորտային 15 կազմակերպություն, որոնցից 6-ը՝ որպես ցուցադրող, 9-ը՝ այցելու։ Հայկական տաղավարի ներքո միջոցառմանը մասնակցում է նաեւ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը։

Ցուցահանդեսի ընթացքում հայկական տաղավար է այցելել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը, զրուցել մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց գործունեությանն ու հեռանկարային ծրագրերին։

Viva Technolօgy միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը 2016 թվականից Եվրոպայի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից է: «Publicis Groupe»-ի եւ «Les Echos Group»-ի համատեղ ստեղծած այս միջոցառումը հյուրընկալվում է «Porte de Versailles» ցուցահանդեսային կենտրոնում եւ այս տարի անցկացվում է հունիսի 11-14-ը: