Հունիսի 14-15-ը կայացել է BSides Yerevan 2025 կիբեռանվտանգությանը նվիրված ամենամյա ոչ ֆորմալ համաժողովը։
Նպատակը բարձրացնել իրազեկվածությունը ոլորտի նկատմամբ եւ նպաստել մասնագիտական համայնքի ընդլայնմանը։ Այս տարի համաժողովն անցկացվել է արդեն երրորդ անգամ։
Համաժողովի ընթացքում կիբեռանվտանգության 20 մասնագետ` Հայաստանից եւ արտերկրից հանդես են եկել թեմատիկ զեկույցներով եւ պանելային քննարկումներով։ Համաժողովին մասնակցել է շուրջ 150 հոգի։
BSides-ը հարթակ է, որտեղ ոլորտի փորձագետներն ու մասնագետները հնարավորություն ունեն կիսվելու կիբեռանվտանգության ոլորտում իրենց փորձառություններով ու հետազոտություններով։ Անցկացվում է ավելի քան 220 քաղաքում՝ 60 երկրում։
BSides Yerevan 2025-ի ընթացքում բարձրացվեցին կարեւոր հարցեր, որոնք վերաբերում էին կիբեռհարձակումների դրդապատճառներին, անվտանգության տարբեր տեսակի սպառնալիքներին, ինչպես նաեւ արհեստական բանականության դարաշրջանում կիբեռանվտանգության աճող դերին։ Ելույթներում ներկայացվեցին նաեւ օրինակներ՝ կապված հայկական քաղաքացիական հասարակության դեմ ուղղված հարձակումների, պատերազմի ազդեցությամբ պայմանավորված տեխնոլոգիական լուծումների, iOS համակարգում անվտանգության ուժեղացման, ինչպես նաեւ տվյալների պահպանման ավելի արդյունավետ տարբերակների հետ։
BSides Yerevan 2025-ի բացման խոսքում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնության ղեկավար Մարի Բարսեղյանը նշել է, որ նման ոչ ֆորմալ համաժողովները կարեւոր դեր ունեն կիբեռանվտանգության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացման, մասնագիտական կապերի ամրապնդման, ինչպես նաեւ երիտասարդների ներգրավման գործում։
«Մենք այս համաժողովն արդեն երրորդ անգամ անցկացնում ենք Հայաստանում, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր երկրում կա ձեւավորված մասնագիտական համայնք եւ բարձր հետաքրքրություն կիբեռանվտանգության ոլորտի նկատմամբ։ Հուսով ենք՝ համաժողովի ընթացքում բարձրաձայնված հարցերն ու ելույթները կնպաստեն Հայաստանում ոլորտի զարգացմանն ու իրազեկվածության բարձրացմանը ։ Համաժողովի նպատակն է համախմբել ոլորտի մասնագետներին, բարձրաձայնել առկա խնդիրներն ու քննարկել լուծումներ՝ ստեղծելով հարթակ փորձի փոխանակման համար»,- նշել է Մարի Բարսեղյանը։
Կիբեռանվտանգության շաբաթը կշարունակի CyberGEN 2025 համաժողովը, որը տեղի կունենա ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: Շաբաթը կեզրափակի Bug Bounty մրցույթը, որի նպատակն է խրախուսել ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու մասնագետներին՝ իրենց գիտելիքներով ու փորձով նպաստելու ՀՀ-ում թվային լուծումների անվտանգ զարգացմանը:
Համաժողովն իրականացվել է «Կիբեռանվտանգության շաբաթ 2025»-ի շրջանակում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) եւ ՁԻՀ-ի CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնության, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, ՀՀ կենտրոնական բանկի եւ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցությամբ։