16:21 | 20.06.25 | Հոդվածներ | exclusive 218

Լյուսին, Մայան ու Կուրաման․ DataArt-ը նշում է շներին աշխատավայր բերելու օրը

Հունիսի 20-ը նշվում է ընտանի կենդանիներին՝ շներին, աշխատավայր տանելու (take your dog to work day) օր։ DataArt-ը կենդանասեր ընկերություն է: Թեեւ կենդանիների ներկայությունը աշխատավայրում թույլատրվում է միայն այն գրասենյակներում, որտեղ դա օրենսդրորեն հնարավոր է, սակայն DataArt-ի աշխատակիցները զգում են «փափուկ» ընկերների դրական ազդեցությունն աշխատանքային միջավայրի վրա։

Itel.am-ը ներկայացնում է ժամանակակից կորպորատիվ մշակույթը փոխող երեք պատմություն, որոնցից յուրաքանչյուրն սկսվել է կարեկցանքից եւ պատասխանատվության զգացումից:

Լյուսիի փրկությունը

Տիմուր Վիտարիգովը DataArt-ում աշխատում է գրեթե 4 տարի եւ 2022-ին ռելոկացիայից հետո միացել է երեւանյան գրասենյակին որպես DevOps ավագ մասնագետ։ Նա Ամանորի երկօրյա կորպորատիվ միջոցառումից տուն է վերադարձել ոչ միայն լավ հուշերով, այլեւ՝ ընտանիքի նոր անդամով:

«Երբ դուրս եկա մեքենայից, մուտքի մոտ նկատեցի մի շուն, բայց սկզբում հատուկ ուշադրություն չդարձրի։ Երբ մոտեցա, հասկացա՝ օգնության կարիք ունի․ ծայրահեղ նիհար էր, դնչին այրվածքների հետքեր ուներ, հայացքը սառած էր։ Այնքան սոված էր, որ սկսեց անընդհատ ուտել, կարծես, կարող էր անվերջ սնվել»,- հիշում է Տիմուրը։ 

Լյուսին Լյուսին
photo © DataArt Armenia


Հյուրանոցի աշխատակիցները պահանջել են հեռացնել կենդանուն, սակայն Տիմուրը հակառակն է արել։ 

«Մենք փորձում էինք բացատրել, որ կենդանին ոչ ոքի չի վնասի։ Վերջնական որոշումը կայացրի առավոտյան, երբ տեսա, որ անձնակազմը փորձում է շանը կապել ծառից: Հենց այդ ժամանակ վերջնական որոշեցի, որ նրան պետք է տուն տանել»,- պատմում է նա։

Տիմուրն այնուհետ շան համար տանը հարմար անկյուն է հատկացրել, տարել անասնաբույժի, իրականացրել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Տիմուրը շանն անվանել է «Լյուսի»:

Տիմուր Վիտարիգովը Լյուսիի հետ Տիմուր Վիտարիգովը Լյուսիի հետ
photo © DataArt Armenia


«Բարեբախտաբար, առողջական վիճակը համեմատաբար լավ էր, միակ խնդիրը խորը դիստրոֆիան էր։ Լյուսին այդ պահին ուներ ընդամենը 13.5 կգ քաշ։ Ժամանակի ընթացքում, երբ սկսեց լավ սնվել եւ հոգատարություն ստանալ, դարձավ 21.5 կգ», - պատմում է Տիմուրն ու ավելացնում, որ երբ անասնաբույժը խնդրել է նշել շան ծննդյան ամսաթիվը փաստաթուղթ ձեւակերպելու համար, նա ընտրել է իր դստեր ծննդյան օրը՝ հուլիսի 11-ը։

Վահեի փոքրիկ ընկերը

DataArt-ում ավագ front-end ծրագրավորող Վահե Պողոսյանի պատմությունը նույնպես յուրահատուկ է, քանի որ նրա մալտիպու ցեղատեսակի շունը՝ Մայան, իր մոտ է հայտնվել երեք-չորս ամսականում։

Վահե Պողոսյանը Մայայի հետ Վահե Պողոսյանը Մայայի հետ
photo © DataArt Armenia


«Շանս աղբանոցի տարածքից գտել է կնոջս քույրը: Շատ փոքր էր այդ ժամանակ։ Նման ցեղատեսակի շուն փողոցում պարզապես գտնել քիչ է հավանական: Հավանաբար ձագ վիճակում փախել է կամ կորել։ Օրեր շարունակ փնտրում էինք տերերին, սակայն ոչ ոք չհայտնվեց: Այդպես որոշեցինք խնամել ու նա դարձավ մեր ընտանիքի անբաժանելի մասը»,- պատմում է Վահեն:

Նա նշում է, որ փոքրիկ Մայայի հետ շփումը լավ է անդրադառնում իր գործընկերների վրա, օգնում է հաղթահարել նրանց վախը կենդանիներից:

Մայան Մայան


«Մայան միայնակ մնալ չի սիրում, դրա համար ժամանակ առ ժամանակ, երբ տանը մարդ չի լինում, հետս բերում եմ գրասենյակ։ Կոլեգաներս լավ են ընդունում, շատ հանգիստ է իրեն պահում։ Հիմնականում ինչ-որ տեղ քնած է, երբ էներգիա է հավաքում՝ գնդակով խաղում ենք ու էլի քնում է»,- նշում է Վահեն։

Գրասենյակի աստղ Կուրաման

DataArt Հայաստանի փոխտնօրեն, ՄՌ ղեկավար Իշխան Մարգարյանի ճապոնական ակիտա ինու ցեղատեսակին պատկանող 1,5 տարեկան Կուրաման 2024-ի հոկտեմբերից, կարելի է ասել, մեծացել է DataArt-ի գրասենյակում:

«Կուրաման գրասենյակում սնվում է, խաղում, ու շատ սիրված է, ունի իր «ֆան ակումբը»։ Մենք աշխատակիցներ ունենք, որ առավոտյան գալիս են Կուրամայի հետ շփվելու, այսպես ասած, դրական էներգիայի չափաբաժին ստանալու, որ ավելի մոտիվացված աշխատեն»,- ծիծաղելով պատմում է Իշխանը:

Իշխան Մարգարյանը Կուրամայի հետ Իշխան Մարգարյանը Կուրամայի հետ
photo © DataArt Armenia


Չնայած օրեցօր մեծացող «պահանջարկին»՝ Կուրաման այժմ ավելի քիչ ժամանակ է անցկացնում գրասենյակում, քանի որ մանկապարտեզ է հաճախում։ Կուրամային հաջողվել է օգնել DataArt-ի երկու աշխատակցի հաղթահարել շներից վախը․ 

«Գրետան եւ Լիլիթը վախենում էին շներից, քանի որ Կուրաման շատ վաղ հասակից մեր գրասենյակում էրմ, սկսեցին սիրել նրան ու հիմա խոստովանում են՝ հաղթահարել են վախը»:

Կուրաման Կուրաման
photo © DataArt Armenia


Իշխանի խոսքով՝ Կուրաման դարձել է գրասենյակի իսկական «աստղը»՝ երբեմն իրենից ավելի հետաքրքրություն առաջացնելով։ Իշխանն ընդգծում է՝ կենդանասեր (pet-friendly) միջավայրն աշխատում է միայն այն դեպքում, երբ կենդանին վարժեցված է, հանգիստ ու չի խանգարում բնականոն աշխատանքին։ 

Նունե Գրիգորյան