Ծալվող iPhone-ի մասին խոսակցությունները շարունակվում են արդեն տարիներ, եւ այն կարող է իրականություն դառնալ արդեն հաջորդ տարի. վերջին արտահոսքի համաձայն՝ Apple-ը սկսել է պրոտոտիպների արտադրությունը։
Թայվանական DigiTimes պարբերականի փոխանցմամբ՝ ընկերությունն ակնկալում է գործընթացն ավարտել 2025 թվականի վերջին, որից հետո սարքը կանցնի ինժեներական փորձարկումների փուլ։ Թողարկումը նախատեսվում է 2026 թվականի երկրորդ կեսին։
Սա համընկնում է վերջին լուրերի հետ, ըստ որոնց՝ ծալվող iPhone-ը հնարավոր է ներկայացվի 2026 թվականի սեպտեմբերին՝ iPhone 18 շարքի հետ միասին։ Հնարավոր է, որ մոտ ապագայում կհայտնվեն արտահոսած պատկերներ, որոնք ավելի հստակ պատկերացում կտան սարքի դիզայնի մասին։
Միեւնույն ժամանակ DigiTimes-ի աղբյուրները նշում են, որ Apple-ը դադարեցրել է ծալվող iPad-ի մշակումը։ Պատճառները եղել են արտադրական դժվարությունները, բարձր ծախսերը եւ ծալվող սարքերի նկատմամբ սահմանափակ պահանջարկը։ Նախկինում ենթադրվում էր, որ ծալվող iPad-ը կթողարկվի 2027 թվականին։ Հավանաբար, ընկերությունը նախընտրել է նախ գնահատել շուկայի արձագանքը ծալվող սմարթֆոնի հանդեպ, որից հետո անցնել նոր, ճկուն սարքի մշակմանը։
Վերջերս հաղորդվում էր նաեւ, որ Apple-ը պատրաստվում է ներկայացնել միաժամանակ յոթ նոր մաշվող սարք՝ ներառյալ թեթեւացված Vision Air-ը, ինչպես նաեւ մատչելի MacBook՝ iPhone-ի պրոցեսորով։