Plug and Play-ը մասնաճյուղ կհիմնի Հայաստանում եւ առաջիկա երեք տարվա ընթացքում կիրականացնի ինկուբացիոն, նախաաքսելերացիոն եւ աքսելերացիոն ծրագրեր։
Այս մասին Linkedin-ի իր էջում հայտնել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«4 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմավարական ներդրում Հայաստանի կառավարությունից՝ ստարտափ էկոհամակարգի զարգացման համար։
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է մի նախագիծ, որը ճանապարհ կհարթի միջազգային ճանաչում ունեցող Plug and Play Tech Center աքսելերատորի հետ երկարաժամկետ պայմանագրի ստորագրման համար։
Նախագծի ներկայացման ժամանակ ես ընդգծեցի, որ կայուն համագործակցության պահպանումը Հայաստանի ստարտափ էկոհամակարգի կայուն աճի եւ զարգացման հիմնական նախապայմանն է։ Իմ խոսքում ընդգծեցի, որ մենք արդեն ունենք հաջողված համագործակցության փորձ Plug and Play-ի հետ։ Կազմակերպությունը լավ ծանոթ է Հայաստանի շուկային ու ստարտափ միջավայրին, ինչը մեզ հնարավորություն է տալիս զարգացնել արդեն իսկ ձեռքբերված արդյունքները։
Plug and Play-ը մասնաճյուղ կհիմնի Հայաստանում եւ առաջիկա երեք տարիների ընթացքում կիրականացնի ինկուբացիոն, նախաաքսելերացիոն եւ աքսելերացիոն ծրագրեր։ Այսպիսի հեղինակավոր միջազգային աքսելերատորի երկարաժամկետ ներկայությունն էական ազդեցություն կունենա ստարտափ էկոհամակարգի զարգացման ու մրցունակության վրա»,- գրել է նախարարը։