Հայաստանը հաստատել է իր տեղը ժամանակակից եւ հուսալի ՏՏ ենթակառուցվածքների միջազգային քարտեզում՝ շնորհիվ OVIO ընկերության տվյալների մշակման կենտրոնի։ 

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնն ունի Uptime Institute-ի կողմից շնորհվող TIER III սերտիֆիկատ՝ հանդիսանալով Հայաստանի միակ TIER III սերտիֆիկացված տվյալների կենտրոնը։

Uptime Institute-ը տվյալների կենտրոնների հուսալիության գնահատման առաջատար գլոբալ կազմակերպություն է, որը մշակում է միջազգային ստանդարտներ եւ իրականացնում խիստ, անկախ փորձաքննություն նախագծման, կառուցման եւ ֆունկցիոնալ կայունության առումով։ Դրա շնորհիվ ձեւավորվում է հստակ եւ ամբողջ աշխարհում ճանաչված չափանիշների քարտեզ, որտեղ OVIO-ի տվյալների կենտրոնը պաշտոնապես գրանցվել է որպես վստահելի հանգույց։

Համաձայն TIER III ստանդարտի պահանջների՝ տվյալների կենտրոնը պետք է ապահովի ենթակառուցվածքի բոլոր հիմնական բաղադրիչների ռեզերվային տարբերակներ։ Սա հնարավորություն է տալիս իրականացնել ցանկացած համակարգի պլանային տեխնիկական սպասարկում՝ ապահովելով տվյալների կենտրոնի աշխատանքի անընդհատությունը եւ մատուցվող ծառայությունների հասանելիությունը։

«Հայաստանն այսուհետ համարվում է վստահելի, հուսալի եւ մասշտաբային ՏՏ լուծումներ առաջարկող երկիր։ OVIO-ի՝ Հայաստանում միակ TIER III սերտիֆիկացված տվյալների կենտրոնը ռազմավարական նշանակություն ունի, եւ այն նպաստում է Հայաստանի դիրքի ամրապնդմանը տարածաշրջանում եւ միջազգային շուկայում։ Մենք շարունակելու ենք զարգացնել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը՝ դարձնելով այն առաջնային հանգույց թվային ծառայությունների եւ անվտանգ տվյալների մշակման համար»,- նշել է OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։