Հուլիսի 8-ին «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Ինժեներական ասոցիացիայի միջեւ հուշագիր է ստորագրվել, որով նորարարական նախագծերի իրականացման եւ գիտահետազոտական համակարգի զարգացման համար բացվում է ճանապարհ։

Հուշագրի ստորագրմամբ Ինժեներական քաղաքը մուտք է գործում նոր փուլ․ PMI Science-ը դարձել է առաջին միջազգային ռեզիդենտը, որը բիզնես աքսելերատորի շենքում ոչ միայն վարձակալում է տարածք, այլեւ հիմնելու է բազմաֆունկցիոնալ հետազոտական կենտրոն՝ նորարարական լաբորատորիաներով ու արտադրական հնարավորություններով էլեկտրոնիկայի, նյութագիտության, աէրոզոլի ուսումնասիրության եւ նախատիպերի մշակման ուղղությամբ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ընդգծել է նախաձեռնության կարեւորությունն ու կենսունակ նշանակությունը, ինչպես նաեւ պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ գիտահետազոտական եւ տեխնոլոգիական ներուժի զարգացման գործում։

«Ինժեներական քաղաքում ներգրավված յուրաքանչյուր ընկերություն շահում է այս միջավայրից, որտեղ հնարավոր է համատեղել մուլտիդիսցիպլինար գիտահետազոտական նախագծերը, փորձի փոխանակումը եւ համագործակցությունը»,- նշել է Մխիթար Հայրապետյանը:

Ինժեներական քաղաքում կառուցվող հետազոտական կենտրոնը նախատեսում է բերել նոր սերնդի սարքավորումներ, որոնք զգալիորեն կավելացնեն արտադրական եւ փորձարարական ներուժը։

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել PMI Science-ի 2025 թվականի Ֆակուլտետային հետազոտական ծրագրի ֆինանսավորման հավաստագրերի հանձնման արարողությունը։

Այս դրամաշնորհները նախատեսված են բարձրագույն ուսումնական հաստատություններին եւ գիտական կազմակերպություններին՝ աջակցելու նոր գաղափարների ստեղծմանը եւ հետազոտական նախագծերի իրականացմանը։ Ֆակուլտետային հետազոտական ծրագրի յուրաքանչյուր դրամաշնորհի չափը 15․000 ԱՄՆ դոլար է: