Հուլիսի 9-ին Ծաղկաձորում մեկնարկել է Կիբեռանվտանգության հաքաթոնը, որն իրականացվում է ԲՏԱ նախարարության եւ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցությամբ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ հատկապես վերջին տարիներին կառավարությունը շատ է խոսում կիբեռպաշտպանության ոլորտում պետության կարողունակություններն ընդլայնելու անհրաժեշտության, կրիտիկական ենթակառուցվածքներն ու կենսական ծառայությունները պատշաճ կերպով պաշտպանելու, ինչպես նաեւ համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մարդկային կապիտալ ձեւավորելու անհրաժեշտության մասին։

«Հավատարիմ մնալ թվային վերափոխման օրակարգին, դառնալ տեխնոլոգիապես զարգացած պետություն՝ առերեսվելով կիբեռխոցելիության ռիսկերի ու դրանցից բխող նոր վտանգների հե՞տ, թե՞ վախենալ, ներամփոփվել ու հրաժարվել այդ օրակարգից։ Կարծում եմ՝ այս դիլեման այլեւս չկա, մենք կատարել ենք մեր ընտրությունը եւ դա թվայնացված Հայաստանն է»,- նշել է նախարարը։

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանն ընդգծել է պետություն-մասնավոր հատված համագործակցության կարեւորությունը, որի լավագույն օրինակներից է համարել այս ծրագիրը։

Հաքաթոնը կանցկացվի հուլիսի 9-11-ը։ Մասնակցում են պետական կառույցների, ֆինանսական, հեռահաղորդակցության եւ կենսական նշանակության ծառայություններ մատուցող ընկերությունների տասնյակ մասնագետներ: Թիմերը առաջադրված խնդիրներին տեխնոլոգիական լուծումներ կառաջարկեն։ Լավագույն լուծումներ առաջարկած 3 թիմ կպարգեւատրվի համապատասխանաբար 2.5, 1.5 եւ 1 միլիոն ՀՀ դրամով:

Միջոցառման նպատակն է բարձրացնել ՏՏ, տեղեկատվական անվտանգության եւ կիբեռանվտանգության ոլորտի մասնագետների կարողություններն ու պատրաստվածությունը՝ դիմակայելու կիբեռսպառնալիքներին եւ մարտահրավերներին, խթանել կրիտիկական ենթակառուցվածքների միջեւ համագործակցությունը՝ ամրապնդելու կիբեռմիջադեպերին արձագանքելու ճկունությունը: