17:09 | 09.07.25 | Նորություններ | 1103
Հուլիսի 4-6-ը Վանաձորը տեխնոլոգիական մայրաքաղաքի կարգավիճակում էր. Լոռին հյուրընկալել էր հայկական տեխնոլոգիական համայնքի կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ Tech Week 2025-ը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն էր:
Tech Week Vanadzor-ը նախաձեռնել են TCF-ը, Zealous-ը եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։
Երեք օրվա ընթացքում Վանաձորը միավորել էր տեխնոհամայնքի առաջատարներին, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին, փորձառու եւ սկսնակ ձեռնարկատերերին, ուսանողներին եւ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիական ոլորտով:
«Լինելով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերություն՝ Team Telecom Armenia-ն մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում երկրի համար նշանակալի տեխնոլոգիական, գիտական ու կրթական իրադարձությունները, միաժամանակ բազմաթիվ ծրագրեր է իրականացնում մարզերի համաչափ զարգացման համար: Tech Week-ը արդյունավետորեն միավորում է նշված բոլոր ուղղությունները՝ նպաստելով դրանց զարգացմանը երկրի տարբեր անկյուններում»,-նշել է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը:
Տեխնոլոգիական ոլորտի նշանակալի միջոցառման շրջանակում անցկացվել են կոնֆերանսներ եւ պանելային քննարկումներ տեղական եւ միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Երեք օրվա ընթացքում կոնֆերանսին ներկա է գտնվել շուրջ 2800 մասնակից, ելույթով հանդես է եկել ավելի քան 60 խոսնակ՝ ընկերությունների հիմնադիրներ, ղեկավարներ, տեխնոլոգիական ձեռներեցներ, ներդրողներ եւ ոլորտի այլ առաջատար դերակատարներ։
«Նման միջոցառումները շփման, համագործակցությունների ձեռքբերման հրաշալի հարթակ են: Դրանք երիտասարդներին առաջին հերթին հնարավորություն են տալիս ծանոթանալու կայացած ընկերությունների հիմնադիրների, ներկայացուցիչների հետ, անմիջապես նրանց ուղղելու իրենց հարցերը, տեղում ստանալու պատասխաններ»,-ասել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը:
Tech Week Vanadzor 2025-ի շրջանակում անցկացվել են նաեւ ԴեւHacks հաքաթոնը եւ «Wings» գաղափարների մրցույթը, հաղթողները պարգեւատրվել են մրցանակներով:
Tech Week 2026-ի տեխնոլոգիական մայրաքաղաք է հռչակվել Գորիսը: