OpenAI-ը պատրաստվում է թողարկել արհեստական բանականության աջակցությամբ նոր զննարկիչ, հաղորդում է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ թողարկումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթներին։ Հիմնական առանձնահատկությունը ներկառուցված չաթն է, որը նման է ChatGPT-ին, եւ Operator ֆունկցիան: Վերջինս կկարողանա կատարել առաջադրանքներ անմիջապես կայքերում՝ լրացնել ձեւաթղթեր, որոնել ապրանքներ, կատարել ամրագրումներ։

OpenAI-ի նոր արտադրանքը հիմնված է Chromium-ի վրա՝ բաց կոդով, որով աշխատում են եւ՛ Chrome-ը, եւ՛ Edge-ը: Ընկերությունը որոշել է ստեղծել առանձին զննարկիչ, որպեսզի լիարժեք վերահսկողություն ձեռք բերի օգտատիրոջ տվյալների նկատմամբ։

Այս քայլը կարող է մեծացնել մրցակցությունը Google-ի հետ: Chrome-ը ներկայում զբաղեցնում է շուկայի ավելի քան երկու երրորդը եւ մնում է օգտատերերի մասին տեղեկատվություն հավաքելու հիմնական ուղիներից մեկը. այս տվյալները օգնում են Google-ին վաճառել գովազդ: Եթե OpenAI զննարկիչը գրավի ChatGPT լսարանի գոնե մի մասը, դա կարող է ծանր հարված հասցնել Google-ի եկամուտներին։

Հետաքրքիր է, որ դեռեւս գարնանը OpenAI-ը հայտարարել էր Chrome-ը գնելու իր պատրաստակամության մասին, եթե Google-ը ստիպված լինի վաճառել այն հակամենաշնորհային վարույթների պատճառով։ Բրաուզերների շուկայի համար պայքարն արդեն սկսվել է։