OpenAI-ը ChatGPT-ում ներկայացրել է ունիվերսալ AI գործակալ, որը կարող է կատարել «բարդ առաջադրանքներ» օգտատիրոջ համար։
Օրինակ՝ խնդրել «պլանավորել եւ գնել բաղադրիչներ չորս հոգու համար նախատեսված ճապոնական նախաճաշի համար» կամ «վերլուծել երեք մրցակիցների եւ ստեղծել պրեզենտացիա»։
ChatGPT-ն կփնտրի կայքեր, կֆիլտրի արդյունքները, անհրաժեշտության դեպքում կառաջարկի մուտք գործել, կգործարկի կոդ, կստեղծի աղյուսակ եւ այլն։ Ընկերությունը նշում է, որ ChatGPT-ն կխնդրի թույլտվություն՝ կատարելու ցանկացած կարեւոր գործողություն, եւ կարող է ընդհատվել ցանկացած պահի,՝ օրինակ, հարցումը պարզաբանելու համար։
OpenAI-ը նշում է, որ համատեղել է 2025 թվականի սկզբին ներդրված Operator AI գործակալի «լավագույնը» եւ Deep Research ռեժիմը, ներդրել է «լրացուցիչ գործիքներ»։ Այն հասանելի է Pro, Plus եւ Team բաժանորդների համար։
Հարկավոր է ընտրել Agent Mode զրույցի ցանկացած պահի, ապա նկարագրել առաջադրանքը։
Լրագրողների համար դեմո տարբերակում ընկերությունը ցույց է տվել AI գործակալի օգտագործման մի քանի օրինակ. մեկում այն ուսումնասիրություն էր անցկացրել Labubu խաղալիքների ժողովրդականության աճի վերաբերյալ՝ համեմատած Beanie Babies-ի հետ, մյուսում՝ Google Calendar-ի միջոցով պլանավորել էր ժամադրություն եւ OpenTable-ի միջոցով ռեստորան գտել։
Դեմոյից դատելով՝ The Verge-ը նշում է, որ գործիքը կարող է «մի փոքր դանդաղ» լինել։ OpenAI-ը նշել է, որ դրամական գործողությունները առայժմ սահմանափակ են։