Yandex Armenia-ն ավելի քան 155 մլն դրամի ներդրում է կատարել սոցիալական եւ կրթական ծրագրերում, Sevan Startup Summit-ի ընթացքում պատմել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։  

Ընկերության սոցիալական գործունեության առանցքային ուղղություններից մեկն է 2024 թ. մեկնարկած «Օգնենք միասին» ծրագիրը: Այն հնարավորություն է տալիս Yandex Go-ի օգտատերերին նվիրատվություններ կատարել ուղեւորություն կամ առաքում պատվիրելիս։  Յուրաքանչյուր ամսվա վերջում Yandex Armenia-ն համալրում է հավաքագրված ֆինանսական միջոցները եւ փոխանցում  «ՆԻԿԱ» հիմնադրամ, որը բաժանում է դրանք չորս բարեգործական կազմակերպությունների միջեւ՝ «Շտապիր դեպի բարին», «Սիթի օֆ Սմայլ», «Հայ մայրեր» եւ «VIVA»: 

Այս հիմնադրամներն աջակցում են քաղցկեղով հիվանդ երեխաներին, հատուկ կարիքներով երեխաներ ունեցող ընտանիքներին, իրականացնում են առողջապահական եւ սոցիալական ծրագրեր բնակչության խոցելի խմբերի, այդ թվում ՝ փախստականների համար: Մեկ տարում հաջողվել է հավաքագրել 25,4 միլիոն դրամ, որն ուղղվել է առողջական առանձնահատկություններ ունեցող երեխաներին եւ կյանքի բարդ իրավիճակում հայտնված ընտանիքներին:

Yandex Armenia-ն նաեւ անվճար ուղեւորություններ եւ առաքումներ է կազմակերպում բարեգործական կազմակերպությունների եւ նրանց շահառուների համար: Լոգիստիկ խնդիրները լուծելու համար հիմնադրամներն ամեն ամիս ստանում են հատուկ բյուջե, որն օգտագործում են ըստ կարիքների՝ ուղեւորություններ դեպի հիվանդանոցներ, դեղերի առաքում, սնունդ կարիքավոր ընտանիքների համար: Ծրագրի մեկնարկից ի վեր իրականացվել է ավելի քան 6500 ուղեւորություն: Բացի այդ, հաշմանդամություն ունեցող օգտատերերի համար Yandex Go-ում հատուկ հնարավորություններ/օպցիաներ են ստեղծվել, որպեսզի ուղեւորությունները լինեն առավել հարմարավետ։ Այսպես, օրինակ, ինքնուրույն պատվեր կարող են գրանցել տեսողական խնդիրներ ունեցող կամ անվասայլակով երթեւեկողները. ավելի քան 99 000 ուղեւորություն կատարվել է այդ օպցիաների միջոցով: 

Զուգահեռաբար, Yandex Armenia-ն ակտիվորեն ներդրումներ է կատարում կրթության եւ ՏՏ ոլորտի զարգացման գործում։ 2017 թվականից երկրում գործում է Yandex ծրագրավորման դպրոցը, որտեղ դպրոցականները սովորում են Python ծրագրավորման լեզուն: Ուսուցումն անվճար է, ընթանում է Վանաձորում եւ Գյումրիում, իսկ վերջում տրվում են վկայականներ։ Դպրոցն ավելի քան 400 շրջանավարտ է տվել, որոնցից շատերն արդեն կարիերա են կառուցում ՏՏ ոլորտում:

Ուսանողների եւ երիտասարդ մասնագետների համար  Armenian Code Academy-ի հետ համատեղ թողարկվել է Engineering Deep Dive որակավորման բարձրացման ծրագիրը: Այն տեւում է երեք ամիս՝ փորձառու մենթորների ղեկավարությամբ սովորեցնում են Python եւ C++: 

Ընկերությունն աջակցում է մաթեմատիկական օլիմպիադաների, գիտական հետազոտությունների անցկացմանն ու կրթաթոշակային ծրագրերին: Մասնավորապես՝ 2,5 մլն դրամ ուղղվել է ACA-ի կողմից իրականացվող օլիմպիադային, իսկ 17 մլն դրամ ՝ YerevaNN-ում արհեստական ինտելեկտի ոլորտում հետազոտություններով զբաղվող ուսանողների եւ ասպիրանտների կրթաթոշակներին։ 

Ընկերությունը կազմակերպում է նաեւ մեքենայական ուսուցման, ալգորիթմների եւ համակարգային ծրագրավորման վերաբերյալ ինտենսիվներ եւ սեմինարներ, համագործակցում է Հայաստանի առաջատար համալսարանների հետ: