«Սեւան Ստարտափ Սամմիթ» ամենամյա ոչ ֆորմալ վրանային բիզնես ֆորումը 7-օրյա բովանդակալից քննարկումներից, արդյունավետ մենտորային հանդիպումներից եւ ակտիվ ժամանցային ծրագրերից հետո ամփոփել է արդյունքները։ 

Այս տարի սամմիթը նաեւ 8 ոլորտային մեծ միջոցառում հյուրընկալող հարթակ էր՝ դարձնելով այն բացառիկ եւ աննախադեպ։ Այդ միջոցառումները բարձրաձայնում էին թեմաներ, ինչպիսիք են ագրոտեխնոլոգիաների զարգացումը, էներգոխնայողությունը, կլիմայական փոփոխություններն ու կեսնաբազմազանությունը, ֆինթեք եւ վայնթեք ոլորտների բարելավումը։

Սամմիթի ընթացքում դասախոսություններով են հանդես եկել տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մասնագետներ, մենտորներ եւ ստարտափների հիմնադիրներ, ովքեր ստարտափերներին օգնում են ներդրողների համար լինել ներկայանալի, հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք, զարգացնել իրենց գաղափարներն ու դրանք վերածել բիզնես պլանի։ 

Փակման արարողությանը ամփոփվել են starter եւ booster ծրագրերի, Sevan Agritech Summit-ի, Firecode Marathon-ի արդյունքները եւ հրապարակվել են հաղթողների անունները:

Sevan Agritech Summit-ի հաղթող է ճանաչվել BioGen թիմը Հայաստանից։ 

Firecode Marathon-ում առաջին տեղ է զբաղեցրել Firebreak թիմը Հայաստանից։

Starter ծրագրում, որում ընդգրկված էին գաղափարի փուլում գտնվող եւ ստարտափի կայացման ուղղությամբ արդեն աշխատանք կատարած թիմերը, հաղթող է ճանաչվել AeroLink technologies ստարտափը Հայաստանից։

Booster ծրագրին մասնակցել են արդեն շուկայում ներկայություն ունեցող կամ այնտեղ մուտք գործել պատրաստվող ստարտափներ, հաղթող է ճանաչվել Karmon AI ստարտափը Ուզբեկստանից։

Բոլոր հաղթողները`

Agritech․
1-ին տեղ՝ BioGen - $10,000 (Հայաստան) 
2-րդ տեղ՝ BeeSync - $6,000 (Հայաստան)

Firecode․ 
1-ին տեղ՝ Firebreak - $10,000 (Հայաստան)
2-րդ տեղ՝ Newsence - $6,000 (Հայաստան)

Starter․
1-ին տեղ՝ AeroLink technologies - $14,000 (Հայաստան)
2-րդ տեղ՝ SoftGuardian - $10,000 (Հայաստան)
3rd place - Aldente - $6,000 (Հայաստան)

Booster․
1-ին տեղ՝ Karmon AI - $20,000 (Ուզբեկստան)
2-րդ տեղ՝ Agintify - $12,000 (Մոլդովա)
3-րդ տեղ՝ Evola - $8,000 (Իրան)

Փակման արարողության ժամանակ գլխավոր գործընկեր YoHealth-ը կրկնապատկել է բոլոր հաղթողների մրցանակները։ 

«Սեւան Ստատափ Սամմիթը, կարող ենք վստահաբար ասել, կայացավ. բավականին գեղեցիկ, հագեցած եւ մարդաշատ։ Հպարտությամբ կարող ենք նշել, որ մեր առջեւ դրված բոլոր պլաններն իրականացրել ենք։ Խիստ կարեւորում ենք մեր բոլոր գործընկերների աջակցությունը։ Առաջին հերթին սամմիթի այս մասշտաբները եւ ծավալները հնարավոր դարձան ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ մեր գլխավոր գործընկեր YoHealth-ի աջակցությամբ։ Փակման արարողություն ժամանակ մենք ունեցանք մեծ Music Fest, որը եղավ ամենամեծն ու աննաադեպը մեր այսքան տարիների պատմության մեջ»,- նշել է «Սեւան Ստարտափ Սամմիթ» նախագծի տնօրեն Վահագն Ռափյանը։

«Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ին մասնակցում էին շուրջ 210 ստարտափ թիմ եւ 400-ից ավելի բանախոս աշխարհի շուրջ 40 երկրից։ Սամմիթի վրանային ավանում 7 օր շարունակ գիշերել է շուրջ 1,700 մասնակից, իսկ ընդհանուր մասնակիցների եւ այցելուների թիվը գերազանցել է 15,000-ը։