OpenAI-ը նշել է, որ ուսումնասիրության ռեժիմը (Study mode) թույլ կտա լուծել խնդիրները «քայլ առ քայլ», այլ ոչ թե ստանալ պատրաստի պատասխան։ 

Այն հասանելի կլինի անվճար պլանի, Plus, Pro եւ Team բաժանորդների համար։ Edu-ում գործիքը կավելացվի առաջիկա շաբաթներին։ Ընկերությունը կարծում է, որ այս ռեժիմը օգտակար կլինի տնային աշխատանքներին օգնելու, թեստերին պատրաստվելու եւ նոր թեմաներ սովորելու համար։ Դրան անցնելու համար անհրաժեշտ է ChatGPT-ի գործիքներից ընտրել «Study and learn» եւ հարց տալ։

Ռեժիմի օգտագործման օրինակներում ChatGPT-ն օգտատերերին հարցնում է, թե ինչ մակարդակի են նրանց գիտելիքները, ինչ նպատակներ ունեն կամ, օրինակ, ինչպես են նրանք ամենաշատը սիրում սովորել՝ մեծ թվով գործնական առաջադրանքներով, տեսողական բացատրություններով կամ այլ մեթոդով։

Չատբոտն անմիջապես պատասխան չի տալիս, այլ առաջարկում է, թե ինչպես գտնել լուծում։ OpenAI-ի խոսքով՝ ռեժիմը մշակվել է մանկավարժների եւ փորձագետների հետ համագործակցությամբ եւ «առաջին քայլն է ChatGPT-ում ուսուցման բարելավման ուղղությամբ»։