10:51 | 15.08.25 | Նորություններ | 184
ՀՀ կառավարությունը հաստատել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Այն մշակվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ:
Ներկայացնելով նախագծերի փաթեթը՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ այն նպատակ ունի ստեղծել միասնական եւ համակարգված մոտեցում կիբեռմիջադեպերի կանխարգելման, արձագանքման եւ հետեւանքների վերացման համար՝ հիմնվելով պետություն-մասնավոր հատվածի սերտ համագործակցության վրա: Փաթեթով կարգավորվում են նաեւ միասնական թվայնացված միջավայրի ստեղծման եւ բաց տվյալների քաղաքականության ներդրմանն առնչվող հարցերը:
««Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանվում են կենսական նշանակություն ունեցող ոլորտներն ու կրիտիկական ենթակառուցվածքները՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում։ Սահմանվում են չափանիշներ՝ հիմնված ռիսկերի եւ ազդեցության գնահատման վրա, ինչպես նաեւ որոշակի ստանդարտներ, որոնք պարտադիր են պետական կառույցների, հանրային ոլորտի եւ քաղաքացիական ենթակառուցվածքներ շահագործող մասնավոր ընկերությունների համար»,- նշել է Մխիթար Հայրապետյանը։
Ստեղծվելու է Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին, որը գործելու է ինքնավար մարմնի կարգավիճակով, իսկ անդամներին ընտրելու է ՀՀ ազգային ժողովը։
Անդրադառնալով «Հանրային տեղեկությունների մասին» օրենքին՝ նախարարը նշել է, որ ներդրվելու է տվյալների կառավարման նոր քաղաքականություն: