Տասնյակ պատանիներ աշխարհի տարբեր անկյուններից Հայաստանում էին՝ ամառը տեխնոլոգիական փորձառությամբ անցկացնելու:
Ամփոփվել է Թումո ճամբար 2025-ը, որի աջակիցների թվում արդեն երկրորդ անգամ Team Telecom Armenia-ն էր:
Թումո ճամբար 2025-ը համախմբել էր պատանիների ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Կիպրոսից, Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Իսպանիայից: Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս ճամբարին մասնակցում էին Արցախից տեղահանված բազմաթիվ պատանիներ ու Հայաստանի տարբեր համայնքների ներկայացուցիչներ:
Շուրջ մեկամսյա կրթական ծրագրի ընթացքում մասնակիցները ձեռք են բերել տարաբնույթ գիտելիքներ, հնարավորություն ստացել զարգացնել իրենց թվային հմտություններն ու ինտեգրվել տեխնոլոգիական աշխարհին։ Կրթական բաղադրիչից բացի, ճամբարը նաեւ մշակութային կամուրջ է ստեղծել՝ թույլ տալով պատանիներին շփվել իրենց հասակակիցների հետ Հայաստանից եւ արտերկրից։
«Ուրախ ենք, որ Թումոյի հետ մեր ռազմավարական համագործակցությունը շարունակում է նշանակալի արդյունքներ գրանցել, եւ պարբերաբար նոր համատեղ նախագծեր ենք իրականացնում: Թումոյի հետ գործակցությունը մեզ համար հատկանշական է, որովհետեւ հնարավորություն ենք ստանում պատանիներին, երիտասարդներին ավելի մոտեցնելու նորագույն տեխնոլոգիաներին ու տելեկոմ ոլորտին: Կարեւոր է նաեւ, որ այս ճամբարը ոչ միայն կրթական, այլեւ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայ երեխաների համախմբման հարթակ է դառնում»,- նշել է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը:
Ճամբարականները սովորել են Թումոյի հիմնական ծրագրի ուղղություններում՝ ծրագրավորում, լուսանկարչություն, երաժշտություն, ինչպես նաեւ խաղերի ստեղծում, գրաֆիկ դիզայն, անիմացիա, 3D մոդելավորում ու ռոբոտաշինություն։
«Մենք շատ բարձր ենք գնահատում մեր գործընկերությունը Team Telecom Armenia-ի հետ: Որպես Թումոյի ռազմավարական գործընկեր՝ նրանք արդեն երկրորդ տարին աջակցում են մեր ամառային ճամբարի ծրագրին՝ ապահովելով ճամբարականների անվտանգ եւ որակյալ ուղեւորափոխադրումը: Այս համագործակցությունը ուղղակիորեն օգնում է մեզ հասնել ավելի շատ պատանիների սահմանամերձ համայնքներից եւ Արցախից տեղահանված ընտանիքներից՝ տրամադրելով նրանց նորարարական կրթությամբ եւ նոր հնարավորություններով լի ամառային թումոյական փորձառությունը։ Հույս ունենք, որ այս գործընկերությունը շարունակական կլինի եւ կընդլայնվի», - նշել է Թումոյի ամառային ճամբարի ղեկավար Լաուրա Բարխուդարյանը։
Ճամբարը հագեցած է եղել ակտիվ մշակութային եւ ժամանցային ծրագրով՝ պատանիներն այցելել են պատմամշակութային վայրեր, թանգարաններ, մասնակցել տարատեսակ սպորտային խաղերի: Կրթական ծրագրի AI շաբաթվա ընթացքում Թումո ճամբար 2025-ի մասնակիցները հյուընկալվել են նաեւ Team Telecom Armenia-ի Կապի թանգարանում եւ դատա-կենտրոնում՝ ծանոթանալով տելեկոմ ոլորտի հայաստանյան պատմությանն ու առաջընթացին, ինչպես նաեւ ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը: