Google Translate-ում հայտնվել են արհեստական բանականությամբ աշխատող գործիքներ։

Ծառայության նոր հնարավորություններից մեկը՝ անհատականացված լեզվի դասեր ստեղծելն է։

Հավելվածում «Պրակտիկա» կոճակը սեղմելուց հետո օգտատերը կարող է նշել իր մակարդակը եւ նկարագրել լեզվի ուսուցման նպատակը։ Բացի այդ, հասանելի են նաեւ նախապես կազմված ծրագրեր, օրինակ՝ մասնագիտական զրույցներ, առօրյա հաղորդակցություն կամ շփում ընկերների եւ ընտանիքի հետ։

Դասերը ստեղծվում են Gemini-ի միջոցով։ Օրինակ՝ եթե դուք ունեք միջին մակարդակի իսպաներենի գիտելիքներ եւ ցանկանում եք ազատ շփվել հյուրընկալող ընտանիքի հետ արտասահմանում ուսանելու ընթացքում, «Translate»-ը կառաջարկի սցենար՝ կապված սննդի թեմայի հետ։ Կարող եք փորձել իրական զրույցի ձեւաչափով կամ պարզապես լսել երկխոսությունը եւ նշել ծանոթ բառերը։



Ծառայության մեջ կա նաեւ առաջընթացի հետեւման համակարգ, որն օգնում է պահպանել մոտիվացիան եւ վերադառնալ դասերին։ Այս ամենը հիշեցնում է Duolingo-ի ֆունկցիաները, որը նույնպես հարմարեցնում է դասերն օգտատիրոջ մակարդակին եւ նպատակներին։

Ներկայումս այս ձեւաչափով սովորել կարող են միայն անգլախոս օգտատերերը, որոնք ցանկանում են բարելավել իսպաներենի կամ ֆրանսերենի իմացությունը եւ հակառակը։



Միաժամանակ Google Translate-ում ներդրվել է նաեւ կենդանի թարգմանության ֆունկցիա։ Արտասահմանցու հետ զրույցի ընթացքում հավելվածը կարող է ստեղծել տեքստային տրանսկրիպցիա եւ ձայնային թարգմանություն արհեստական բանականության միջոցով, ինչպես նաեւ թարգմանել ձեր պատասխանները։

Այս հնարավորությունն արդեն աջակցում է 70-ից ավելի լեզու, սակայն ներկայում հասանելի է միայն ԱՄՆ-ում, Հնդկաստանում եւ Մեքսիկայում։