15:23 | 09.09.25 | Նորություններ | 387
Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի Բաց Մրցաշարի կրտսեր տարիքային խմբում հաղթած «Արմաթ» թիմը վերադարձել է Հայաստան եւ անցել հաջորդ մրցույթին նախապատրաստվելուն։
Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի դպրոցի եւ Երեւանի N131 դպրոցի Արմաթ աշխատանոցները ներկայացնող ճարտարագետ-մարզիկները մրցաշարի ընթացքում հավաքել են 162 միավոր՝ առաջ անցնելով ռումինական «3 Ways of Garbage» եւ գերմանական «JT-Innovators» թիմերից, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են 2-3 տեղերը։
«Արմաթ» թիմի կազմը՝
Արարատ Բայանդուրյան (Այգուտ գյուղի դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոց),
Գրիգոր Խոջայան (Այգուտ գյուղի դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոց),
Վահե Գաբրիելյան (Երեւանի N131 դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոց)։
Մարզիչ-խմբավար՝ Շահեն Արաբաչյան։
«Արմաթ» թիմը ներկայացրել է գազատար խողովակների վրա արտահոսք հայտնաբերող ռոբոտացված իր սարքը.
Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի Բաց Մրցաշարը տեխնոլոգիական աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից է։ Այն անցնում է երկու փուլով։ Ազգային փուլում, որի հայաստանյան կազմակերպիչը «Քոնթեստ լաբ» կազմակերպությունն է, համապատասխան միավորներ հավաքած թիմերը անցում են միջազգային փուլ։ Այս տարի առաջնությունն ունեցել է 214 մասնակից 44 երկրից։
Հաղթանակած ճարտարագետ-մարզիկներին օդանավակայանում դիմավորել է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) ղեկավար անձնակազմը` տնօրեն Սարգիս Կարապետյանի գլխավորությամբ:
Գյումրի զարգացման լաբորատորիայի «Ռոբո-առաքելություն» կատեգորիայում հանդես եկող GDL թիմը արծաթե մեդալ է նվաճել։ GDL թիմի անդամներն են Սամվել Սահակյանը եւ Նարեկ Զիլֆիմյանը, մարզիչը՝ Աշոտ Զիլֆիմյանը։
Գազպրոմ Արմենիայի Ուսումնա-սպորտային համալիրի «BigBots» թիմը դարձել է բրոնզե մեդալակիր։ Թիմի կազմում էին 3-րդ դասարանի աշակերտ Գարեգին Ավետիսյանը, 5-րդ դասարանի աշակերտ Գագիկ Հարությունյանը եւ 6-րդ դասարանի աշակերտ Մայքլ Առուստամյանը՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Արթուր Ավագյանի եւ «Համակարգչային գիտություն» ու «Լեգո-ռոբոտիկա» առարկաների ուսուցչուհի Մարիա Լիսիցինայի ուղեկցությամբ։