Աբովյան քաղաքում տեղի է ունեցել տեխնոլոգիական անվճար դասընթացների ավարտական վկայականների հանձնման արարողությունը։

Դասընթացները կազմակերպվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Մասսայական ուսուցում» բաղադրիչի շրջանակում։ Դասընթացներն անցկացվել են Business Development Group ուսումնական կենտրոնի կողմից:

Կոտայքի մարզում դասընթացներին մասնակցել է 110 հոգի․ Աբովյանում ձեւավորվել է 4 խումբ, իսկ Կոտայք գյուղում՝ 1 խումբ։

ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանի խոսքով` այս ծրագիրը տալիս է նոր գիտելիքներ կիբեռանվտանգության, ծրագրավորման ուղղությունների, դիզայներական ծրագրերի, մեքենայական ուսուցման մոդելների եւ արդի տեխնոլոգիաների ու դրանց առանձնահատկությունների վերաբերյալ:

Միջոցառման ընթացքում կազմակերպվել է նաեւ տեխնոլոգիական խաղ, որտեղ մասնակիցներն իրենց գիտելիքներով մրցել են միմյանց հետ: Հաղթողներն արժանացել են խրախուսական մրցանակների։

Ծրագիրն իրականացվում է Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի եւ Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակցի համար։

Ծրագրի նպատակն է բարձրացնել մարզերի բնակչության տեխնոլոգիական գիտելիքներն ու հմտությունները, իրազեկել ոլորտում իրականացվող ծրագրերի եւ մասնակցության հնարավորությունների մասին, ինչպես նաեւ աջակցել մասնագիտական կողմնորոշման հարցում։