Սեպտեմբերի 22-ին Ծաղկաձորում մեկնարկել է «Ներուժ 6.0» ծրագրի վեցօրյա ամփոփիչ միջոցառումները:
«Ներուժ 6.0»-ին մասնակցելու համար այս տարի ստացվել է 68 հայտ 18 երկրից, այդ թվում՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից, Հնդկաստանից, Ավստրալիայից, ԱՄԷ-ից, Ռուսաստանից եւ այլ երկրներից։
Սեպտեմբերի 22–27-ն ընտրված 32 ստարտափ կմասնակցի վեցօրյա ինտենսիվ միջոցառումների՝ ներառյալ դասընթացներ, վարպետության դասեր, ելույթների նախապատրաստում, անհատական մենտորություն, միջազգային հեղինակավոր աքսելերացիոն ծրագիր, մշակութային այցելություններ եւ ցանցային կապերի ձեւավորման հնարավորություններ։
«Սա բացառիկ հնարավորություն է սփյուռքահայ մասնագետների եւ նորարարների համար գալ Հայաստան, ծանոթանալ մեր տեխնոլոգիական էկոհամակարգին, մասնակցել ինտենսիվ ուսումնական եւ փորձագիտական գործընթացների ու ներկայացնել սեփական գաղափարները: Այս տարի մասնակցության ցուցանիշները բավականին բարձր են թե՛ դիմումների քանակով, թե՛ երկրների եւ թիմերի բազմազանությամբ», - նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։
Plug and Play միջազգային հեղինակավոր աքսելերատորը երկրորդ տարին անընդմեջ իր փորձառու մենտորներով ու մասնագիտական ներուժով կնպաստի ծրագրի որակի եւ ազդեցության բարձրացմանը։
«Ներուժ»-ը սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների համար մշակված պետական ծրագիր է, որն արդեն վեցերորդ անգամ համախմբում է սփյուռքի տեխնոլոգիական ստարտափներին։ Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը, ուժեղացնել ստարտափ էկոհամակարգը, խրախուսել մասնագիտական հայրենադարձությունը եւ ամրապնդել երկրի դիրքերը գլոբալ նորարարական քարտեզի վրա։