Meta-ն AI-օգնական է ավելացրել Facebook Dating ծանոթությունների ծառայությունում եւ այժմ զուգընկեր կարելի է գտնել տեքստային հարցման միջոցով։

Նոր հնարավորությունները կլինեն անվճար։ Meta-ն ընդգծել է, որ AI-օգնականը կօգնի գտնել «լավագույն համընկնումները»՝ առանց վճարելու եւ «անվերջ սվայփելու»։ Facebook Dating-ի չատբոտը թույլ է տալիս անցնել ստանդարտ պարամետրերից, ինչպիսիք են հասակը կամ կրթությունը։

Օգտատերերը կարող են զուգընկեր որոնել AI-օգնականի միջոցով՝ տեքստային հարցմամբ․ օրինակ՝ «գտիր ինձ Բրուքլինից աղջիկ, որը աշխատում է տեխնոլոգիաների ոլորտում»։ Օգնականը կարող է նաեւ խորհուրդ տալ, թե ինչպես բարելավել պրոֆիլը կամ առաջարկել հանդիպման գաղափարներ։

Ծառայության մեկ այլ նոր գործառույթ ստացել է Meet Cute անվանումը․ այն ամեն շաբաթ յուրաքանչյուր օգտատիրոջ համար կընտրի «անսպասելի համընկնում»՝ հիմնված անհատականացված ալգորիթմի վրա։

Meta-ն հայտարարել է, որ ծանոթությունների ծառայությունում ամեն ամիս գրանցվում են «հարյուր հազարավոր» երիտասարդներ 18–29 տարեկան տարիքային խմբից, սակայն ընկերությունը չի հստակեցրել Facebook Dating-ի ընդհանուր օգտատերերի քանակը։