13:05 | 19.12.25 | Նորություններ | 81
ByteDance-ը պայմանագիր է կնքել TikTok-ի ամերիկյան բիզնեսը վաճառելու մի խումբ ներդրողների, այդ թվում՝ Oracle-ին, Silver Lake-ին եւ MGX-ին։
CNBC-ի հաղորդմամբ՝ TikTok-ի գործադիր տնօրեն Շոու Չուն աշխատակիցներին նամակ է ուղարկել, որտեղ մանրամասն նկարագրված է պայմանագիրը։ Այնտեղ նշվում է, որ ընկերության ամերիկյան բիզնեսը կփոխանցվի TikTok USDS Joint Venture-ին։
Սա համատեղ ձեռնարկություն է ByteDance-ի եւ Oracle-ի, Silver Lake-ի եւ Աբու Դաբիի պետական ներդրումային հիմնադրամ MGX-ի ներդրողների կոնսորցիումի միջեւ։
Չինական ընկերությունը կստանա նոր կազմակերպությունում 19.9% բաժնեմաս։ Կոնսորցիումի բաժնեմասը կկազմի 45%։ Եվս 30%-ը կփոխանցվի դուստր ձեռնարկություններին։ Մնացած 5%-ի սեփականատերերը չեն բացահայտվում։
TikTok USDS Joint Venture-ը պատասխանատու կլինի ԱՄՆ օգտատերերի տվյալների պաշտպանության, բովանդակության մոդերացիայի եւ «ծրագրային ապահովման որակի ապահովման» համար։
2024 թվականի ապրիլին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր TikTok-ի վաճառքը կամ արգելքը պարտադրող օրենսդրություն: Դոնալդ Թրամփը 2025 թվականի հունվարին գործադիր հրամանագիր էր ստորագրել, որով արգելքը հետաձգվել էր 75 օրով, իսկ 2025 թվականի ապրիլին այն երկարաձգել եւս 75 օրով: 2025 թվականի հունիսին Թրամփը երրորդ անգամ՝ 90 օրով, հետաձգել էր TikTok-ի արգելքը ԱՄՆ-ում մինչեւ 2025 թվականի սեպտեմբերի 17-ը։
2025 թվականի հուլիսին լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ Oracle-ի գլխավորությամբ ոչ չինացի ներդրողների խումբը կարող է դառնալ TikTok-ի սեփականատերը ԱՄՆ-ում, իսկ ByteDance-ը կպահպանի ընկերության փոքրամասնության բաժնեմասը:
Միաժամանակ հայտարարվեց նաեւ ԱՄՆ-ում առանձին TikTok հավելված գործարկելու ծրագրերի մասին: Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարեց, որ կողմերը Մադրիդում բանակցություններից հետո TikTok-ի վերաբերյալ «շրջանակային» համաձայնության են եկել: Դրանից հետո Թրամփը չորրորդ անգամ էր հետաձգել սոցիալական ցանցի արգելքը մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 16-ը։
Սեպտեմբերի 26-ին Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր TikTok-ի գործարքի վերաբերյալ։ Ընկերության ամերիկյան բիզնեսն այդ ժամանակ գնահատվում էր 14 միլիարդ դոլար։