Modex-ը ներկայացրել է 2024-2025 թվականների թոփ 20 ՏՏ խոշոր հարկատուների ցանկը։ 

2025 թվականին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 69 ՏՏ ընկերություն։ Դրանք պետբյուջեի համար ապահովել են 105.8 միլիարդ դրամի եկամուտ, ինչը 21 միլիարդ դրամով ավելի շատ է, քան 2024 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունների վճարած հարկերը:

1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2025թ-ին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4%-ը, նախորդ տարվա 3.5%-ի փոխարեն։

Այդ ընկերությունները միասին վճարել են 14 միլիարդ դրամի շահութահարկ, որի գծով առաջատար Digitain ընկերությունը ապահովել է վճարված շահութահարկի 53.5%-ը (7,501 միլիոն դրամ), որին հաջորդում է Synopsys Armenia ընկերությունը. այն ապահովել է շահութահարկի 6%-ը (856 միլիոն դրամ)։

ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից 11-ի դեպքում վճարած եկամտային հարկերը նվազել են, անկումը խոշոր է հատկապես BostonGene եւ Arctera AM ընկերությունների դեպքում:

Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների եւ ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն։

photo © Modex