Արամ Շատախցյանի եւ Էդուարդ Փիլիպոսյանի Modelence ստարտափը հայտարարել է $3 միլիոն սաղմնային փուլի ներդրում ներգրավելու մասին։ 

Փուլը գլխավորել է Y Combinator-ը՝ Rebel Fund-ի, Acacia Venture Capital Partners-ի, Formosa VC-ի եւ Vocal Ventures-ի մասնակցությամբ։

Modelence-ը փորձում է լուծել հավելվածների ստեղծման DevOps խնդիրները, որքան էլ մեծ լեզվական մոդելները (LLM) արագացրել են կոդ գրելու գործընթացը, այնուամենայնիվ անվտանգության, հոսթինգի ու ընդհանուր ենթակառուցվածքային խնդիրները բաց են մնում։

Այն միակ ընկերությունը չէ, որը փորձում է լուծել այս հատվածի խնդիրները։ Այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Google-ը եւ Amazon-ը, ինչպես նաեւ ավելի փոքր ստարտափներ, օրինակ՝ Shuttle-ը, նույնպես փորձում են լուծել ենթակառուցվածքային խնդիրը։

Կալիֆոռնիայում հիմնված Modelence-ն առանձնանում է նրանով, թե ինչպես է մոտենում խնդրի լուծմանը՝ առաջարկելով բոլորը մեկում ծառայություն։ Գլխավոր տնօրեն Արամ Շատախցյանի համար խնդիրն առանձին ծառայությունները չեն, այլ դրանց միջեւ կապերը։

Modelence-ի աշխատանքային շրջանակը կամ գործիքակազմն աշխատում է TypeScript-ի վրա, ընկերությունը ինքն է ապահովում աուտենտիկացիան, տվյալների բազաները, հոսթինգը, LLM observability գործիքները եւ նույնիսկ սեփական՝ Lovable-ին նման հավելվածների կառուցման գործիքը՝ ավելորդ շփումն ու բարդությունը վերացնելու համար։