ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է իրենց երեխաների թվային անվտանգությամբ մտահոգված ծնողների հետ՝ քննարկելու երեխաների կողմից մի շարք խաղային հարթակներ օգտագործելու ընթացքում ի հայտ եկող վտանգները։ 

Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ 

Հանդիպումը նախաձեռնվել էր ի պատասխան վերջին շրջանում նախարարության ստացած բազմաթիվ դիմումների, որոնք վերաբերում էին Roblox եւ այլ նմանատիպ խաղային հարթակներին։

Ծնողները ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ առաջարկները: Հնչել են կարծիքներ, համաձայն որոնց պետությունը պետք է ոչ թե ընտրի արգելքների ճանապարհը, այլ  օգնի քաղաքացիներին՝ գտնել առավել անվտանգ եւ արդյունավետ մեխանիզմներ իրենց երեխաներին առցանց միջավայրում առկա վտանգներից պաշտպանելու համար։

Ներկայացվել են նաեւ փաստարկներ, որ ներկայում գոյություն ունեն մի շարք գործիքներ եւ լուծումներ, որոնք նպաստում են առցանց հարթակներից գրագետ օգտվելուն եւ ռիսկերի նվազեցմանը։ Խնդիրը հիմնականում այդ գործիքների վերաբերյալ իրազեկվածության պակասն է, ուստի կարեւոր է ապահովել համապատասխան տեղեկատվության հասանելիությունը քաղաքացիների առավել լայն շրջանակների համար։

Նախարարի խոսքով՝ թվային անվտանգության հարցերի լուծումը պետք է հիմնված լինի կրթական եւ իրազեկման գործընթացների վրա, եւ, որ պետության նպատակը ոչ թե սահմանափակումների կամ արգելքների կիրառումն է, այլ իրազեկվածության վրա հիմնված անվտանգ թվային միջավայրի ձեւավորումը։

Սամվել Մարտիրոսյանն ընդգծել է, որ խաղերի արգելափակումը արդյունավետ լուծում չէ, քանի որ տեխնիկական շրջանցման բազմաթիվ հնարավորություններ կան: Նրա գնահատմամբ՝ առանց ծնողների գիտակցված մասնակցության, հնարավոր չէ ապահովել երեխաների պաշտպանվածությունը թվային միջավայրում։