08:24 | 31.01.26 | Նորություններ | 98
Ucom ընկերությունը ներկայացրել է իր դիրքորոշումը՝ ի պատասխան վճարումների ընդունման գործընթացի վերաբերյալ վերջին շրջանում հնչող մեկնաբանություններին եւ հարցադրումներին։
Ընկերության հաղորդագրության մեջ ասված է.
«Ucom-ի եւ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող որոշ ընկերությունների միջեւ բանակցությունների ընթացքում առաջարկված պայմանները էապես տարբերվել են շուկայում ձեւավորված ընդհանուր գործելակերպից։ Մասնավորապես, Ucom-ի համար առաջարկված սակագները զգալիորեն բարձր են եղել այն պայմանների համեմատ, որոնք նույն վճարահաշվարկային ընկերությունները կիրառում են, օրինակ, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների դեպքում։
Հաշվի առնելով շուկայի տրամաբանությունը եւ հավասար պայմանների պահպանման անհրաժեշտությունը՝ Ucom-ը հանդես է եկել սակագների վերանայման նախաձեռնությամբ՝ առաջարկելով դրանք մոտեցնել շուկայում ընդունված պայմաններին։ Քննարկումների ընթացքում ներկայացվել են նաեւ լուծումներ, այդ թվում՝ սակագների աստիճանական փոփոխության հնարավոր տարբերակներ։
Չնայած կառուցողական քննարկումների պատրաստակամությանը՝ ներկայացված առաջարկներին չի հաջորդել հստակ հիմնավորում կամ բացատրություն այն տարբերակման վերաբերյալ, որը կիրառվում է տարբեր ոլորտների ընկերությունների նկատմամբ՝ նույն ծառայությունների շրջանակում։
Ucom-ն իր գործունեությունն իրականացնում է առաջնորդվելով թափանցիկության, արդար մրցակցության եւ բաժանորդների շահերի պաշտպանության սկզբունքներով։ Սույն որոշումը եւս թելադրված է եղել այդ սկզբունքներով, այլապես նոր սակագներն անխուսափելիորեն կանդրադառնային նաեւ բաժանորդներին տրամադրվող այլ ծառայությունների սակագների վրա։ Ընկերությունը բաց է համագործակցության համար բոլոր այն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ, որոնց պայմանները համապատասխանում են շուկայական տրամաբանությանը եւ ապահովում են հավասարակշռված գործընկերություն։ Ըստ այդմ, համագործակիցների ցանկը հնարավոր է կրկին վերանայվի։
Միեւնույն ժամանակ, Ucom-ը վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու երկխոսությունը բոլոր գործընկերների հետ՝ այն պայմանով, որ հնարավոր կլինի հասնել փոխշահավետ եւ արդար լուծումների՝ առանց բաժանորդների հարմարավետությանը վնաս հասցնելու»։