17:23 | 18.02.26 | Հոդվածներ | exclusive 84

Հայկական Zegashop-ը մրցում է Shopify-ի ու Wix-ի հետ

Zegashop-ը SaaS հարթակ է, որը պարզեցնում է կայքերի ու առցանց խանութների ստեղծումը՝ միաժամանակ ավտոմատացնելով SEO-ն եւ AI գործիքներով ապահովելով բիզնեսի աճի նոր հնարավորություններ։

Zegashop-ի հիմնադիր Արթուր Մնացականյանը iTel.am-ի հետ զրույցում պատմել է հարթակի ստեղծման, առանձնահատկության, bootstrap մտածողության, AI-ի դերի ու գլոբալ մրցակցության մասին։

Կրկնվող աշխատանքը՝ պրոդուկտ ստեղծելու մոտիվացիա

Ավարտել եմ Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի բաժինը։

2010 թվականից սկսել եմ աշխատել որպես ծրագրավորող։ 2014-ին արդեն բացեցի իմ սեփական վեբ ծրագրավորման ընկերությունը՝ Fidem-ը։ Մենք կենտրոնացած էինք աութսորսինգի վրա՝ հիմնականում e-commerce ոլորտում։ Տարիների ընթացքում միջազգային մեծ նախագծեր ենք իրականացրել Քաթարում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Հարավային Աֆրիկայում եւ Ավստրալիայում։

Արթուր Մնացականյանը Արթուր Մնացականյանը
photo © Մեդիամաքս


Fidem-ում թիմի ժամանակի մոտ 40-50%-ը ծախսվում էր նույնատիպ տեխնիկական օպտիմիզացիաների վրա՝ կայքերի արագության, SEO-ի եւ Core Web Vitals ցուցանիշների բարելավման վրա։ Հետո հասկացա՝ տարբեր հաճախորդների համար նույն գործը նորից ու նորից անելու փոխարեն, կարելի է ստեղծել պրոդուկտ, որն այդ ամենը կանի ավտոմատ կերպով։ Այդ գաղափարից ծնվեց Zegashop-ը։

Մրցակցությունն ու շուկան

Ես հիմա մրցում եմ Shopify-ի, Wix-ի նման հսկաների հետ, բայց մենք կարողացել ենք ստեղծել մի հարթակ, որտեղ PageSpeed եւ SEO օպտիմիզացիաները ամենաբարձր մակարդակի վրա են։

Այս պահին Zegashop-ն արդեն ունի հաճախորդներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Վրաստանից ու Հայաստանից։

Zegashop-ի առանձնահատկությունն ու all-in-one մոտեցումը 

Հարթակը թույլ է տալիս առանց կոդ գրելու ստեղծել կայք կամ օնլայն խանութ՝ drag-and-drop մեխանիզմով։ Այն ունի տարբեր ուղղությունների համար պատրաստի template-ներ, ինչպես նաեւ 15-օրյա անվճար փորձաշրջան։ Հաճախորդները տասնյակ հազարավոր դոլարներ էին ծախսում, որ իրենց կայքերը Core Web Vitals-ում հասնեին 80-85-ի։ Մենք դա ներառել ենք որպես ստանդարտ։ Հիմնական առավելություններից մեկը Google Core Web Vitals ցուցանիշների բարձր օպտիմիզացիան է։

photo © Մեդիամաքս


Zegashop-ի հիմնական ինովացիան այն է, որ փորձում է մեկ հարթակում միավորել կայքի ստեղծումը, SEO գործիքները եւ մարքեթինգային վերլուծությունը։ Վերցնում ենք SEO գործակալությունների ձեռքով իրականացվող աշխատանքներն ու ավտոմատացնում։ Մեր հաճախորդները կատարում են բանալի բառերի ուսումնասիրություն, հասկանում շուկայի պահանջներն ու ստեղծում բովանդակություն հենց հաճախորդների շուրջ։

Որոնումների ապագան՝ Google-ից դեպի AI չատբոտեր

Zegashop-ում AI-ն սկսում է աշխատել հենց առաջին քայլերից։ Տվյալները լրացնելուց հետո օգտատերերը մինչեւ մեկ րոպեում արդեն պատրաստի կայք են ստանում՝ AI-ի առաջարկություններով։ Արհեստական բանականությունն օգնում է օգտագործել լավագույն keyword-ները, նաեւ ճիշտ տեքստեր ստեղծել, օրգանիկ թրաֆիք ապահովել եւ SEO ռազմավարությունն ավտոմատացնել։

Արթուր Մնացականյանը Արթուր Մնացականյանը
photo © Մեդիամաքս


SEO-ն այլեւս միայն Google-ի մասին չէ։ GPT-ն իր լեզվով է բովանդակությունը վերցնում, Google-ը՝ իր։ Բիզնեսի թրաֆիքը գալիս է ոչ միայն որոնողական համակարգերից, այլեւ՝ TikTok-ից, սոցիալական հարթակներից ու AI համակարգերից։

Bootstrap մտածողությունն ու թիմը 

Zegashop-ը կառուցվել է առանց արտաքին ներդրումների։ Մինչեւ հիմա ոչ մի ներդրում չեմ վերցրել երրորդ կողմից։ Գումարը մենք աշխատում ենք ու ներդնում պրոդուկտի վրա։ Zegashop-ը SaaS մոդելով ընկերություն է, որը կարողացել է գաղափարի փուլից հասնել եկամտաբերության աստիճանի։ 

Արթուր Մնացականյանը Արթուր Մնացականյանը
photo © Մեդիամաքս


Մասնակցել ենք BAJ ծրագրին ու Հայաստանում անցկացված Plug and Play-ի առաջին շրջափուլին։ Մասնակցել ենք նաեւ պետական դրամաշնորհային ծրագրի ու ստացել մոտ 10 միլիոն դրամ դրամաշնորհ, որը մեզ օգնել է հարթակը կայունացնել ու նոր հաճախորդներ ներգրավել գլոբալ շուկայից։

Այս պահին Zegashop-ի թիմը բաղկացած է մոտ 10 մարդուց՝ ծրագրավորողներ, դիզայներներ, վաճառքի մասնագետներ։

Ապագայի պլանները

Zegashop-ը ներկայում կենտրոնանում է երեք ուղղության վրա՝ ամրագրումներ, անշարժ գույք, էլեկտրոնիկա, նաեւ ռեստորանային վաճառքներ։ Առաջիկայում նախատեսում ենք իրականացնել մեծ SEO արշավ՝ Zegashop-ը տարբեր քաղաքների եւ ոլորտների որոնումներում առաջին ընտրություններից մեկը դարձնելու նպատակով։

Նունե Գրիգորյան 
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի