17:24 | 27.02.26 | Հոդվածներ | exclusive 423

Orion VC․ նոր անուն հայկական վենչուրային միջավայրում

Հայկական վենչուրային միջավայրում նոր անուն է հայտնվել՝ Orion VC, որը կենտրոնացած է նախասաղմային փուլում գտնվող բարդ տեխնոլոգիական խնդիրներ լուծող թիմերի վրա։ 

Ֆոնդի համահիմնադիր Արմեն Ֆլջյանը տեխնիկական կրթությամբ, միջազգային փորձով եւ հայկական էկոհամակարգի խորքային ճանաչմամբ փորձում է կառուցել կամուրջ Սան Ֆրանցիսկոյի եւ Երեւանի միջեւ։ 

Itel.am-ի հետ զրույցում Արմեն Ֆլջյանը պատմել է նոր ֆոնդի ստեղծման, հայ հիմնադիրների հետ աշխատանքի, Orion VC-ի ներդրումների ու նպատակների մասին։ 

Granatus Ventures-ը՝ դպրոց

Ավարտել եմ Ամերիկյան համալսարանի Բիզնեսի բաժինը, այնուհետեւ սովորել եմ ծրագրավորում։ Գյումրիում մասնակցել եմ «Yandex School of Data Analysis» ծրագրին, բայց հասկացա՝ լավագույն ծրագրավորողը չեմ լինելու։ Այդ ժամանակ թվում էր՝ երկու տարի կորցրել եմ, սակայն երբ մտա ներդրումային շուկա, հասկացա, որ իմ տեխնիկական կրթությունը հսկայական առավելություն է։ Ես կարողանում էի տեխնիկական ղեկավարների հետ նույն լեզվով խոսել։

Արմեն Ֆլջյանը Արմեն Ֆլջյանը
photo © Մեդիամաքս


Աշխատանքի անցա հայկական առաջին վենչուրային ֆոնդում՝ Granatus Ventures-ում։ Այդ ընթացքում սկսեցի շփվել տարբեր հիմնադիրների հետ, ներգրավվեցի հետազոտական գործընթացներում ու հենց այդ ժամանակ հասկացա, թե հայ հիմնադիրների մոտ ինչն է լավ ստացվում, ինչը՝ ոչ։ Շատ լավ դպրոց էր՝ տեղի եւ գլոբալ շուկայի առանձնահատկություններն ուսումնասիրելու համար։ Այդ փուլում արդեն պարզ էր՝ ցանկանում էի մնալ վենչուրային ոլորտում։

SmartGate VC-ից դեպի սեփական ֆոնդ

Granatus-ից հետո միացա SmartGate VC-ին՝ որպես արհեստական բանականության մոդելների եւ գործընթացների ինտեգրման ղեկավար (AI Pipeline Lead)։ SmartGate-ում աշխատել եմ տարբեր թիմերի հետ՝ օգնելով ներդրումներ ներգրավելու եւ շուկա մուտք գործելու ռազմավարություններ մշակելու հարցում։

SmartGate VC-ն ավելի մեծացավ, գործարկեց երկրորդ ու արդեն երրորդ ֆոնդերը, գնաց դեպի բիոտեխնոլոգիաների ոլորտ։ Հասկացա, որ ուզում եմ վերադառնալ ավելի նախնական (early stage) փուլում գտնվող ստարտափների հետ աշխատանքին։ 

Արմեն Ֆլջյանը Արմեն Ֆլջյանը
photo © Մեդիամաքս


Իրականում, VC-ում աշխատանքի արդյունքները քաղելը երկար է տեւում, բայց ես իսկապես վայելում եմ ստարտափ հիմնադիրների հետ տարվող ամենօրյա աշխատանքը։ Որոշեցի՝ ժամանակն է նոր փուլ սկսել։ 

Անվան ընտրությունն ու նպատակը

Orion VC-ն հիմել ենք Սերգեյի հետ, որը նախկինում Բարսելոնայում եւ Սան Ֆրանցիսկոյում հիմնած AI ստարտափի հիմնադիր էր։ Նրա ընկերությունը մշակել էր AI լուծումներ ԿՏ եւ ՄՌՏ պատկերների վերլուծության համար: Մենք մոտ չորս տարի շփվել ենք որպես VC - հիմնադիր։ Երբ նա exit արեց, առաջարկեց միասին ֆոնդ հիմնել, ինչն արդեն ինձ մոտ հասունացած գաղափար էր։

Ֆոնդի անունը՝ Orion, ընտրվել է համաստեղության գաղափարից։ Orion-ը այն մարմինն է, որը պահում է աստղերը։ Մենք ուզում ենք լինել այն հարթակը, որը պահում է բարձր պոտենցիալ ունեցող թիմերին։ Թեեւ անվան շուրջ որոշ շփոթություններ են լինում այլ նախաձեռնությունների հետ, բայց որոշել ենք պահպանել այն։

Արմեն Ֆլջյանը Արմեն Ֆլջյանը
photo © Մեդիամաքս


Orion-ի հիմնական առաքելություններից մեկը Սան Ֆրանցիսկո–Երեւան կամուրջ կառուցելն է։ Հայկական շուկան սահմանափակ է։ Orion-ը նպատակ ունի ոչ միայն հայ հիմնադիրներին կապել միջազգային VC-ների հետ, այլեւ՝ միջազգային թիմերին բերել Հայաստան R&D բացելու։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը ընկալվի ոչ թե էժան աշխատուժի, այլ՝ որակյալ տաղանդներով երկիր։

Մեր թիմը հինգ հոգուց է բաղկացած՝ Երեւանում եւ արտասահմանում։ Երեւանը մեզ համար ստրատեգիական է։ 2026-ին ավելի մեծ ներկայություն ենք պլանավորում այստեղ։

Orion VC-ի չափանիշները ու ներդրումները

Orion VC-ն ներդրումներ է անում նախասաղմնային (pre-seed) փուլում՝ հիմնականում խորը տեխնոլոգիական hard-to-build ուղղություններով։ Մենք սիրում ենք այն ոլորտները, որտեղ երեք-չորս թիմ կա եւ տեխնիկապես բարդ առաջադրանքներ են դրված։ 

Արմեն Ֆլջյանը Արմեն Ֆլջյանը
photo © Մեդիամաքս


Ուշադրություն ենք դարձնում մի քանի հիմնական գործոնի. անհրաժեշտ է ուժեղ տեխնիկական թիմ, որտեղ հիմնադիրները բարդ պրոդուկտներ կառուցելու խորը փորձ ունեն ու խորապես հասկանում են իրենց շուկան։ Փնտրում ենք գլոբալ մտածողությամբ մարդկանց, որ պատրաստ են տեղափոխվել անհրաժեշտ շուկաներ եւ կառուցել միջազգային ցանց։

Հարաբերությունների կառուցման կարողությունը նույնպես կարեւոր է, սովորաբար ներդրումը չի իրականացվում առաջին հանդիպումից հետո։ Վերջապես՝ մաթեմատիկական իրատեսություն. ճիշտ հաշվարկ՝ արդյոք տվյալ գնահատմամբ հնարավոր կլինի ֆոնդի վերադարձն ապահովել նույնիսկ անբարենպաստ սցենարներում։

Արմեն Ֆլջյանը Արմեն Ֆլջյանը
photo © Մեդիամաքս


Միջինում ներդնում ենք 100,000 դոլարի չափով՝ 7-12 միլիոն դոլար ընկերության գնահատման առավելագույն սահմանով (valuation cap)։ Այս պահին ֆոնդի պորտֆելում կա 4 ստարտափ։ Բացի այդ, մոտ ժամանակահատվածում նախատեսում ենք հայտարարել եւս 2–3 գործարքի մասին, որոնք գտնվում են վերջնականացման փուլում։ Ֆոնդը գտնվում է ակտիվ ներդրումային եւ պորտֆելի արագ ձեւավորման փուլերում։

Մենք մոնոպոլիաներ ենք փնտրում․ ուզում ենք հասկանալ՝ ինչու հենց այդ թիմը պետք է հաղթի։ Եթե այդ հարցին հստակ պատասխան կա, մենք պատրաստ ենք գնալ մինչեւ վերջ։ 

Մրցակցային VC միջավայր եւ founder-friendly մոտեցումը

Սան Ֆրանցիսկոյում VC-ները մրցում են լավ ստարտափների ու հիմնադիրներին գրավելու համար։ VC-ն պետք է լինի հասանելի, ճկուն, արագ եւ արժեք ստեղծող։ Եթե ներդրում չես անում, գոնե կարելի է արձագանք տալ, օգնել թիմին պատրաստվել ու «investable» դառնալ։ Հայաստանում VC-ների մրցակցությունը դեռ նոր է ձեւավորվում, ինչն առողջ գործընթաց է։

Նունե Գրիգորյան 
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի