SpaceX-ի եւ Tesla Motors-ի հիմնադիր Էլոն Մասկը սկսել է թունել հորատել Լոս Անջելեսի ընդերքում` այդպիսով փորձելով լուծել շարունակական խցանումների խնդիրը:

Էքսպերիմենտալ տարածքը SpaceX-ի բազայի տարածքում է. այդպես Մասկը ստիպված չէ լրացուցիչ թույլտվություն ստանալ շինարարության համար: Փորձնական հորատված տարածքն ունի 9 մ լայնություն, 15 մ երկարություն եւ շուրջ 4,5 մ խորություն:

«Ուզում եմ պարզ ասել, ես հստակ չգիտեմ, թե ինչ ենք մենք անում»,- նշել է Tesla-ի հիմնադիրը՝ հավելելով, որ քաղաքների տակ տեսականորեն հնարավոր է ստեղծել թունելների ցանց 10, 20, 30 եւ ավելի շերտ խորությամբ: Մասկի խոսքով՝ դա կարող է հանգեցնել նրան, որ ճանապարհները 2D միջավայրից անցում կատարեն 3D միջավայր:   

Տեղեկություններ կան նաեւ, որ Լոս Անջելեսի իշխանությունների հետ քննարկվում է ստորգետնյա տարածքում հետիոտների համար նախատեսված կամրջի ստեղծումը, որը թույլ կտա SpaceX-ի բազայի մի կետից հասնել մյուսը:  

2016թ. դեկտեմբերին Էլոն Մասկը Twitter-ի իր էջում գրել էր, որ պատրաստվում է բացել ընկերություն, որը կզբաղվի թունելների հորատմամբ: Այս գրառումը շատերը կատակով էին ընդունել:

Wired պարբերականի հետ զրույցում մի շարք փորձագետներ նշել են, որ թունելների ցանցի կառուցումը կարող է բարդանալ մի շարք խնդիրների պատճառով, այդ թվում՝ ընդերքում արդեն իսկ առկա ենթակառուցվածքների պատճառով: