Փետրվարի 19-ին կայացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 24-րդ տարեկան համաժողովը։
Այն մեկ հարկի տակ է համախմբել տեխնոլոգիական ոլորտի 300-ից ավելի ներկայացուցչի, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների եւ կրթական հաստատությունների ղեկավարների։
Համաժողովին ներկա էին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված արտակարգ եւ լիազոր դեսպաններ, ինչպես նաեւ միջազգային գործընկերներ, որոնք քննարկել են Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ներկա իրավիճակը, զարգացման ուղիները եւ ոլորտի հիմնական մարտահրավերները։
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նշել է, որ ձգտելու են ամեն կերպ աջակցել ու ապահովել քաղաքականության համակարգային մշակմանը եւ պետական ծրագրերի միջոցով կապ ստեղծել կրթության, գիտության եւ արդյունաբերության զարգացման միջեւ։
photo © ԱՏՁՄ
«Վերջին հինգ տարիներին բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության ոլորտում համախառն շրջանառությունն աճել է ավելի քան 4,5 անգամ, աշխատողների թիվը՝ 2,5 անգամ, իսկ ՀՆԱ-ն 2,6 տոկոսից այժմ արդեն գերազանցել է 7,6 տոկոսը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող:
Համաժողովի ընթացքում անցկացվել են ԱՏՁՄ նախագահի եւ խորհրդի անդամների ընտրություններ. արդյունքում ԱՏՁՄ նախագահ է վերընտրվել Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։
photo © ԱՏՁՄ
Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ Միության գրանցած հաջողությունները անդամ կազմակերպությունների եւ գործընկերների համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքն են:
«Մենք շարունակելու ենք քայլել Հայաստանը որպես տեխնոլոգիական առաջատար երկիր դիրքավորելու ճանապարհով: Այս հավակնոտ, բայց լիովին իրատեսական հեռանկարում կարեւոր է յուրաքանչյուրիս ներգրավվածությունը, համագործակցությունը կազմակերպությունների, կառավարության հետ: ԱՏՁՄ համայնքի զգալի մեծացումը կարեւոր ցուցանիշ է, որը փաստում է դրա կենսունակության ու ոլորտում նոր հաջողություններ սահմանելու պատրաստակամության մասին»,- նշել է ԱՏՁՄ վերընտրված նախագահ Ալեքսանդր Եսայանը։
Krisp-ի համահիմնադիր եւ ԱՏՁՄ խորհրդի անդամ Արտավազդ Մինասյանը iTel.am-ի հետ զրույցում կարեւորել է ԱՏՁՄ-ում Քաղաքականության մշակման նոր բաժնի ստեղծումը, որը կօգնի պետության հետ երկխոսության եւ օրենքների մշակման գործընթացներում։
«2024-ը ԱՏՁՄ-ի համար ընդհանուր առմամբ շատ հաջող տարի էր մի քանի ուղղությամբ: Ամենակարեւորը՝ միության անդամների թիվն ավելացել է 120-ով։ Կարողացել ենք բոլորին միավորել, ինչին ինքս ակտիվ մասնակցել եմ։ Համայնքային տարբեր ֆորմատների մասնագիտական միջոցառումներ ու հանդիպումներ ենք կազմակերպել։ Դիջիթեք 2024-ը մասշտաբներով ու ակտիվությամբ իր պատմության մեջ ամենամեծն է եղել։
photo © ԱՏՁՄ
Բացի այդ, ԱՏՁՄ-ում ստեղծվել է Քաղաքականության մշակման բաժին, որը դեռ զարգացման փուլում է։ Պետության հետ երկխոսության հարցում կարող եմ ասել՝ ձախողել ենք։ Ամեն դեպքում, մենք ինստիտուցիոնալ ենք դարձնում այդ գործընթացն ու արդեն ունենք հատուկ թիմ, որը դրանով է զբաղվելու։ Պետք է պետության հետ այնպես աշխատել, որ համայնքի ձայնը լսելի լինի»,- ասել է Արտավազդ Մինասյանը։
ԱՏՁՄ նորընտիր խորհրդի կազմն է՝
• Արտավազդ Մինասյան (Krisp),
• Արմեն Քոչարյան (VOLO),
• Իրինա Դումանյան (Siemens),
• Արսեն Բաղդասարյան (DataArt),
• Արման Աթոյան (XTech),
• Խաչիկ Նազարյան (Broadcom),
• Գեւորգ Սաֆարյան (Limetech),
• Գոռ Վարդանյան (Fimtech),
• Սպարտակ Կյուրեղյան (Zealous),
• Աշոտ Տոնոյան (ServiceTitan),
• Արտավազդ Երիցյան (Podcastle),
• Նարեկ Ասլիկյան (Armenian Code Academy),
• Ռեմ Դարբինյան (Viral Mango):
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը համաժողովի ընթացքում ներկայացրել է ԱՏՁՄ 2024 թվականի ամփոփիչ հաշվետվությունը՝ անդրադառնալով կազմակերպության ծրագրերի արդյունքներին, այդ թվում՝ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների, «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի, «ԻննոԻջեւան» կրթական ու նորարարական ծրագրի, ինչպես նաեւ WCIT-ի գործունեության ամփոփմանը։
photo © ԱՏՁՄ
«2024 թվականը մեզ համար դարձավ բեկումնային տարի։ Մենք ոչ միայն իրականացրինք ռազմավարական նախաձեռնություններ ու խորացրինք միջազգային համագործակցությունները, այլեւ տեսանք մեր համայնքի աննախադեպ աճը։ Այսօր միավորում ենք 200-ից ավելի բարձր տեխնոլոգիական ընկերություն՝ դարձնելով համայնքը ավելի ուժեղ, ազդեցիկ եւ մրցունակ։
ՀՀ-ի 1000 խոշոր հարկատուները 2024-ին վճարել են 84 միլիարդ դրամ հարկ, որից 64 միլիարդը մեր համայնքի ընկերություններն են ձեւավորել։ Արդյունքում՝ վճարված հարկերի 70%-ը բաժին է ընկնում հենց խոշոր հարկատուներին, որտեղ մեր անդամների ներկայությունը զգալի է»,-ամփոփել է խոսքը Սարգիս Կարապետյանը։
Նունե Գրիգորյան