15:45 | 20.02.25 | Նորություններ | 1017
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ԱՏՁՄ համաժողովին ներկայացրել է կրթության ոլորտում մասնագիտական կառույցների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը:
ԿԳՄՍՆ եւ ԱՏՁՄ համագործակցությամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվում է «Արմաթ» ինժեներական աշխատանոցների կրթական ծրագիրը, որի նպատակն է ԲՏՃՄ առարկաների, մասնավորապես՝ «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն» առարկայի ուսուցումը, որը ներդրվել է Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում:
«Բնագիտական, մաթեմատիկական, ճարտարագիտական առարկաների դասավանդման որակի բարելավման ուղղությամբ աշխատանքները հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գլխավոր թիրախներից են, եւ այս ուղղությամբ արդեն իսկ ունենք գրանցված արդյունքներ: ԲՏՃՄ առարկաների ներդրումն իրականացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ: Հանրակրթության նոր չափորոշիչը նախ փորձարկվել է Տավուշի մարզում եւ այժմ փուլային եղանակով ներդրվում է ՀՀ բոլոր դպրոցներում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նրա խոսքով` բավականին ոգեւորող են հետազոտության արդյունքները՝ հասկանալու, թե «Արմաթ» հաճախած երեխաների քանի տոկոսն է հենց այդ ուղղությամբ շարունակում մասնագիտական կրթությունը:
«Տվյալները բավական ոգեւորող են. մեծ մասն ընտրում է այդ ուղղությունը, ինչը նշանակում է՝ մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով: Համատեղ ջանքերի արդյունքում ծրագիրը տարեցտարի ընդլայնվում է»,- ասել է նախարարի տեղակալը։
Ներկայում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվում եւ կազմակերպվում է շուրջ 1044 ճարտարագիտական աշխատանոցի խմբակների, այդ թվում՝ կից ԱԹՍ խմբակների գործունեությունը:
Այսպիսով, 2025 թվականի տվյալներով Հայաստանի տարածքում գործում է ավելի քան 650 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա. 10-18 տարեկան շուրջ 16 հազար երեխա ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը եւ մաթեմատիկային: