«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանն ասել է, որ այս տարի ունենալով կառավարության աջակցությունը, «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ը 8 ոլորտային մեծ միջոցառում հյուրընկալող պլատֆորմ կլինի:

««Սեւան Ստարտափ Սամմիթ»-ը Հայաստանի ստարտափ էկոհամակարգի կարեւոր տարրերից մեկն է։ Այն հաջողությամբ հաստատել է իր ներկայությունը նաեւ մի շարք այլ երկրներում՝ դառնալով միջազգային ճանաչում ունեցող բրենդ։ Հնդկաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների հետ ունենք երկարաժամկետ համագործակցության հստակ ձեւավորված օրակարգ, եւ այդ երկրներում սամմիթն արդեն կազմակերպվում է ամենամյա ձեւաչափով։ Այս պահին ունենք համագործակցության հստակ նախանշված ուղիներ նաեւ Հունգարիայում, Իսպանիայում, Խորվաթիայում, ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում։ Վստահ ենք, որ այդ նախաձեռնությունները եւս կյանքի կկոչվեն՝ կառավարության եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շարունակական աջակցությամբ»,- նշել է Հակոբ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ հուլիսի 20-26-ը Սամմիթը կունենա մոտ 15.000 այցելու, իսկ շուրջ 2000 մարդ կմնա վրանային ավանում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն էլ նշել է, որ ՀՀ կառավարությունը, առաջնահերթ համարելով ստարտափ էկոհամակարգի եւ նորարարության զարգացման խթանումը, մեծապես կարեւորում է «Սեւան Ստարտափ Սամմիթի» անցկացումը:

«Մենք կարեւորում ենք տնտեսության նաեւ ոչ հումքային ոլորտների զարգացումը, եւ հատկապես այն ուղղությունների, որոնք բարձր հավելյալ արժեք են գեներացնում, ապահովում արտադրողականության աճ եւ խթանում տնտեսության կառուցվածքային վերափոխումը։ Այս համատեքստում հատկապես կարեւորում ենք ստարտափների կայացումը՝ որպես առավել դինամիկ, ճկուն, արագ զարգացող եւ մեծ ներուժ ունեցող բիզնեսներ։ «Սեւան Ստարտափ Սամմիթը» ոչ միայն հաջողված նախագիծ է ստարտափ էկոհամակարգի զարգացման համար, այլ նաեւ ունի գլոբալ բրենդ դառնալու եւ Հայաստանից տարբեր երկրներ արտահանվելու մեծ ներուժ»,- նշել է նախարարը:

«Սեւան Ստարտափ Սամմիթ»-ը մինչ այժմ հյուրընկալել է ավելի քան 50.000 մասնակցի եւ հյուրերի աշխարհի շուրջ 60 երկրից:

ՀՀ կառավարությունը 200 մլն դրամ կհատկացնի «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին՝ 2025թ հուլիսի 20-26-ը նախատեսվող «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման կազմակերպման համար: