14:20 | 21.04.25 | Նորություններ | 2156

Հայաստանի Սամսունգի ինովացիոն կամպուսը մեկնարկում է AI դասընթաց

UWC Դիլիջանի հովանու ներքո գործող Հայաստանի Սամսունգի ինովացիոն կամպուսը նորացված ֆինանսավորումով մեկնարկում է նոր դասընթաց:

14-16 տարեկանների համար նախատեսված անդրոիդ հավելվածների մշակման գործող ծրագրին զուգահեռ մեկնարկելու է բուհական մակարդակի ուսանողների համար նախատեսված արհեստական բանականություն (ԱԲ) նորարարական դասընթացը:

Հայաստանում ՏՏ կրթական ծրագիրն ընդլայնելու Սամսունգի որոշումը պայմանավորված է ամբողջ աշխարհում տվյալների գիտության բարձրակարգ մասնագետների աճող պահանջարկով եւ Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական տնտեսության կայացմանը նպաստելու հանձնառությամբ:

Մեկնարկող ԱԲ դասընթացը նախատեսված է բուհական մակարդակի սաների համար, որոնք արդեն իսկ հիմնավոր գիտելիք ունեն մաթեմատիկայից, ներառյալ գծային հանրահաշվից, հավանականության տեսությունից եւ վիճակագրությունից:

Սամսունգի մասնագետների մշակած դասընթացը ենթադրում է խորացված ուսուցում մեքենայական ուսուցման (ՄՈՒ) եւ նեյրոնային ցանցերի (ՆՑ) ոլորտում, համակարգչային տեսողության եւ բնական լեզվի մշակման (ԲԼՄ) գործնական կիրառություններով:

Մեկամյա ԱԲ դասընթացը նախատեսում է հիբրիդային ուսուցում ընդամենը 350 դասաժամ տեւողությամբ, այդ թվում՝ 144 դասաժամ դասարանային պարապմունքներ եւ 206 դասաժամ ինքնուրույն առցանց պարապմունք Սամսունգի ինովացիոն կամպուսի ուսումնական պորտալի միջոցով: Դասընթացի ավարտին սաները կներկայացնեն ավարտական նախագիծ: Դասընթացը հաջողությամբ ավարտած սաները կստանան Սամսունգի հավաստագիր եւ հնարավոր է արժանանան ավարտական նախագծերի միջհամալսարանական մրցույթի տարեկան եզրափակիչ փուլի որակավորման:

«Պատիվ ենք համարում եւ ուրախ ենք երկարաձգել մեր գործընկերությունը UWC Դիլիջանի հետ: Մարդիկ եւ համընդհանուր բարգավաճումը մեր ընկերության առանցքային արժեքներն են: Սամսունգի ինովացիոն կամպուսի ծրագիրը միջազգային ծածկույթով իրագործելով՝ մենք մեր մասնակցությունն ենք ունենում երիտասարդների կրթությանը՝ նրանց ընձեռելով հնարավորություն դրական սոցիալական փոփոխություններ եւ զարգացում բերելու իրենց համայնքներում: Վստահ եմ UWC Դիլիջանի հետ շարունակվող հաջողված համագործակցության հարցում եւ Հայաստանի Սամսունգի ինովացիոն կամպուսի սաների ավարտական նախագծերի բացառիկ որակի հարցում՝ թե՛ հավելվածների ծրագրավորման եւ թե՛ ԱԲ դասընթացներում», - նշել է Սամսունգ Էլեկտրոնիքսի ԱՊՀ գլխամասային գրասենյակի փոխնախագահ Սերգեյ Պեւնեւը:

2021թ. մեկնարկած UWC Դիլիջանի Սամսունգի ինովացիոն կամպուս Հայաստանում գործող միջազգային դպրոց-պանսիոնի՝ UWC Դիլիջանի եւ համաշխարհային տեխնոլոգիական առաջատար Սամսունգ Էլեկտրոնիքսի համատեղ նախաձեռնությամբ 2021թ. հիմնադրվել է Սամսունգի ինովացիոն կամպուսը՝ հայ երիտասարդներին գործնական ՏՏ կրթությամբ զորացնելու առաքելությամբ: Ծրագիրն արդեն ընդունել է 312 սան Դիլիջանից, Երեւանից, Գյումրիից, Վանաձորից եւ Հայաստանի այլ բնակավայրերից: