Դավիթ Յանի որդու՝ Միքայել Յանի հիմնած ManyChat-ը ներգրավել է 140 միլիոն դոլար B սերիայի ներդրումային փուլում, որի գլխավոր ներդրողը Summit Partners ընկերությունն է։

Manychat-ը տրամադրում է գործիք հաղորդակցությունների եւ ներգրավվածության կառավարման ու ավտոմատացման համար տարբեր մեսենջերային հարթակներում։ Manychat-ը ունի մոտ 1.5 միլիոն հաճախորդ 170 երկրում՝ այդ թվում Nike-ը, The New York Times-ը, Yahoo-ն, ինչպես նաեւ անհատ ստեղծագործողներ եւ փոքր բիզնեսներ։

Միքայել Յանը նշել է, որ ընկերությունն իր օգտատերերի անունից տարեկան «միլիարդավոր» հաղորդագրություններ է ուղարկում TikTok, Instagram, WhatsApp, Messenger եւ այլ մեսենջերային հարթակներում։ Վերջին ներդրումը նախատեսվում է օգտագործել հետազոտությունների եւ զարգացման մեջ ներդրումներ կատարելու համար՝ հատկապես ավելի շատ արհեստական բանականություն հարթակ ինտեգրելու ուղղությամբ, ինչպես նաեւ վաճառքների, մարքեթինգի եւ հաճախորդների աջակցության գլոբալ աճի համար։

2015 թ․ հիմնումից ի վեր ստարտափը մինչ այժմ ընդամենը 23 միլիոն դոլար էր հավաքագրել՝ հիմնականում 2019թ․-ի 18 միլիոն դոլարանոց A սերիայի ներդրումային փուլի շրջանակում։

Manychat-ը չի բացահայտում այս Series B փուլի մյուս ներդրողների անունները, բացի Summit Partners-ից։ Ընկերությունը նաեւ չի հայտարարում իր նոր գնահատված արժեքի մասին, սակայն ակնկալվում է, որ այն զգալիորեն ավելի բարձր կլինի, քան PitchBook-ի կողմից նշված 58 միլիոն դոլար արժեքը։