Intel ընկերությունը նախատեսում է աշխատանքից ազատել ավելի քան 21,000 աշխատակցի։

Ըստ Bloomberg-ի՝ Intel-ը պատրաստվում է կրճատել իր աշխատակազմի մոտ 20%-ը, ինչը համարժեք է շուրջ 21,000 մարդու։ Պաշտոնական հայտարարությունը սպասվում է այս շաբաթ։

Նորությունը տարածվում է, երբ տեղի է ունենալու ընկերության առաջին եռամսյակի ֆինանսական զեկույցի առցանց նիստը, որը վարելու է վերջերս գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակված Լիպ-Բու Թանը, ով նախորդ տարի փոխարինեց երկարամյա ղեկավար Փեթ Գելսինգերին։

Bloomberg-ի տվյալներով՝ այս կրճատումների միջոցով Թանը նպատակ ունի «պարզեցնել կառավարման համակարգը եւ վերակառուցել ինժեներական արժեքների վրա հիմնված մշակույթ»։

2024 թվականի օգոստոսին Intel-ը հայտարարել էր 15,000 աշխատակցի կրճատման մասին, եւ տարվա վերջում ընկերությունն ուներ մոտ 108,900 աշխատակից։

Intel-ը վերջին տարիներին լուրջ դժվարությունների է բախվում․ վերջին հինգ տարվա ընթացքում ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է մոտ 67%-ով։ 2024-ի վերջին Թանի պաշտոնավարման մեկնարկից հետո նա ձեռնարկել է մի շարք բաժանմունքների առանձնացում՝ դարձնելով դրանք «ոչ հիմնական» գործառույթներ։ Այս ամիս ավելի վաղ Intel-ը վաճառել էր իր Altera չիպերի բիզնեսի 51%-ը՝ փոխանցելով այն մասնավոր ներդրումային ընկերություն Silver Lake-ին։