16:21 | 23.04.25 | Նորություններ | 632

Գյումրիում բացվել է Ֆաբ Լաբ թվային արտադրության լաբորատորիա

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում բացվել է Ֆաբ Լաբ թվային արտադրության լաբորատորիա:

Նորաստեղծ Ֆաբ Լաբի նպատակն է տեխնոլոգիաների եւ թվային արտադրանքի միջոցով ապահովել կրթվելու, նորարարության գործիքների, գիտելիքի եւ ֆինանսական միջոցների հասանելիություն:

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀԲԸՄ Հայաստանի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ` «Ֆաբ Լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ համագործակցությամբ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարեւորել է թվային արտադրության լաբորատորիայի հիմնադրումը հատկապես մասնագետների վերապատրաստման տեսանկյունից՝ ընդգծելով դրա նշանակությունը ինչպես երիտասարդների, այնպես էլ համայնքի համար։ Ըստ փոխնախարարի՝ նման նախաձեռնությունների իրականացումը մարզերում ռազմավարական նշանակություն ունի՝ կրթական եւ տեխնոլոգիական հավասար հնարավորություններ ապահովելու տեսանկյունից։

photo © ԿԳՄՍՆ


Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանի խոսքով՝ այս լաբորատորիայի բացումը նշանակալի իրադարձություն է ոչ միայն ակադեմիայի, այլեւ` ողջ քաղաքի համար. «Ֆաբ Լաբի բացմամբ մենք ընդլայնում ենք մեր գործունեության շրջանակը՝ միավորելով տեխնոլոգիան, կրթությունն ու արվեստը՝ խթանելով Հայաստանի հյուսիսում տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերության զարգացումը»:

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը նշել է, որ Գյումրու Ֆաբ Լաբի հիմնադրմամբ ստեղծվում է թվային գիտելիքների նոր հարթակ արվեստագետների համար, որն իրականություն է դարձել Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հետ արդյունավետ համագործակցությամբ:

photo © ԿԳՄՍՆ


Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի Ֆաբ Լաբը Հայաստանի Ֆաբ Լաբ ցանցերի եւ 3000-ից ավելի լաբերից բաղկացած համաշխարհային համայնքի մի մաս է: Այն հասանելի է ոչ միայն ՀՊԳԱ ուսանողներին ու դասախոսներին, այլեւ՝ համայնքի բոլոր ստեղծագործ անհատներին: