Team Telecom Armenia-ն հայտարարում է միջազգային համագործակցության նոր եւ նշանակալի փուլի մեկնարկի մասին՝ համագործակցելով ԱՄՆ առաջատար լրատվական կազմակերպություններից մեկի՝ Newsmax-ի հետ։

Ընկերությունների միջեւ կնքված համաձայնագրով Team Telecom Armenia-ի բաժանորդներին հասանելի կդառնա Newsmax հեռուստաալիքի բովանդակությունը՝ տրամադրելով ամերիկյան եւ միջազգային լրատվություն, արդիական իրադարձություններ ու ուղիղ եթերներ աշխարհի տարբեր անկյուններից։

Այս համագործակցությունը շարունակում է Team-ի ռազմավարությունը՝ հարստացնելու թվային բովանդակության առաջարկները եւ Հայաստանում հեռուստադիտողների համար ապահովելու հասանելիություն համաշխարհային նորություններին եւ տարբեր տեսակետներին։ Բաժանորդները կկարողանան դիտել ԱՄՆ հայտնի լրատվական ալիքը, որն իր նորություններն է ներկայացնում Վաշինգտոնից, Նյու Յորքից, Լոնդոնից, Հռոմից, Երուսաղեմից եւ այլ քաղաքներից։

«Team Telecom Armenia-ի համար սա միջազգային գործակցության ընդլայնման նոր փուլ է։ Այն արտացոլում է մեր ձգտումը՝ բաժանորդներին տրամադրելու բարձրորակ եւ արդիական բովանդակություն։ Newsmax-ի հետ համագործակցությունը նոր հնարավորություններ է բացում մեր հաճախորդների համար՝ հետեւելու բազմազան նորություններին ամբողջ աշխարհից»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Newsmax-ը հպարտ է համագործակցել Team Telecom Armenia-ի հետ, որն իր տեխնոլոգիական նվաճումներով ու կապի առաջատար դիրքով հայտնի է տարածաշրջանում։ Սա մեր գլոբալ ընդլայնման կարեւոր քայլ է, որը թույլ է տալիս մեզ տրամադրել ամերիկյան վստահելի նորություններ՝ Հայաստանում հեղինակավոր հեռահաղորդակցային օպերատորի միջոցով»,- նշել է Newsmax-ի հեռարձակման գծով ավագ փոխնախագահ Էնդի Բիգերսը։