Apple-ը շատ ավելի ուշ կմտնի ծալվող սմարթֆոնների շուկա, քան իր մրցակիցները։
Սպասվում է, որ առաջին ճկվող iPhone-ը կթողարկվի միայն 2026 թվականին, այն ժամանակ, երբ Samsung-ն արդեն կներկայացնի Galaxy Z Fold եւ Galaxy Z Flip մոդելների ութերորդ սերունդը։
Հեղինակավոր ինսայդեր Մարկ Գուրմանի տվյալներով՝ ընկերությունը չի ցանկանում թողարկել սարք, որի էկրանին տեսանելի ծալք կլինի, սակայն ինչպես հաղորդվում է, այդ ծալքը ամբողջությամբ վերացնել դեռ չի հաջողվել։ Ճկվող iPhone-ը կունենա ծալք, սակայն այն գրեթե անտեսանելի կլինի, ինչը կդառնա մոդելի գլխավոր տարբերությունն այլ սարքերի համեմատ։
Սարքը, հավանաբար, կունենա նաեւ «շատ ավելի որակյալ հանգույց»։ Թեեւ մանրամասները դեռ բացահայտված չեն, ավելի վաղ տեղեկություններ կային, որ դրա կառուցվածքում կարող է օգտագործվել հեղուկ մետաղ։ Այս լուծումը պետք է բարձրացնի սմարթֆոնի ամրությունը եւ նվազեցնի ծալքի տեսանելիությունը։
Առաջին ճկվող iPhone-ը, ամենայն հավանականությամբ, կդասակարգվի որպես պրեմիում դասի ֆլագման եւ ոչ թե որպես առանձին գծի մաս։ Գուրմանի այս պնդումը համահունչ է Apple-ի նոր մոտեցմանը. այս տարի ընկերությունն արդեն հրաժարվել է SE բրենդից՝ անցնելով iPhone 16e անվանմանը։ Եթե ճկվող հեռախոսը իսկապես թողարկվի հաջորդ տարի, ապա նրա անվան մեջ, ամենայն հավանականությամբ, կլինի 18 թիվը։