16:29 | 07.05.25 | Հոդվածներ | exclusive 383

DataArt Հայաստանը հյուրընկալել է AIESEC ֆորումը

AIESEC-ը 36 տարի է, ինչ Հայաստանում առաջ է մղում երիտասարդության առաջնորդությունը։ Այս նպատակով մայիսի 3-4-ը DataArt Հայաստանը հյուրընկալել էր ամենամյա AIESEC Ազգային առաջնորդության զարգացման ֆորումը։

Հայաստանում AIESEC-ն իրականացնում է տարբեր ծրագրեր, որոնք միտված են երիտասարդների զարգացմանն ու փորձառություն ձեռք բերելուն։ Երկօրյա ֆորումը համախմբել էր շուրջ 100 մասնակցի, նպատակն էր ոգեշնչել նոր սերնդի առաջնորդներին՝ տրամադրելով գործնական գիտելիքներ եւ հարթակ՝ փոխանակման ու համագործակցության համար։

Itel.am-ի հետ զրույցում AIESEC Հայաստանի տնօրեն Ազատուհի Խաչատրյանը նշել է, որ երիտասարդներին տրվում է հնարավորություն առաջնորդել եւ ձեւավորել հասարակություն, որտեղ արժեքներն ու ազդեցությունը գերակայում են պաշտոններից ու տիտղոսներից։

«AIESEC-ը միջազգային մակարդակով ամենամեծ երիտասարդական կազմակերպությունն է, որը ղեկավարվում է հենց երիտասարդների կողմից։ Մեր նշանաբանն է՝ “by youth, for youth”, այսինքն՝ երիտասարդների կողմից երիտասարդների համար։

Ազատուհի Խաչատրյանը Ազատուհի Խաչատրյանը
photo © Mediamax


Հայաստանում AIESEC-ն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք ներառում են կամավորական, աշխատանքային եւ միջազգային փոխանակման ծրագրեր։ Կազմակերպությունն ունի նաեւ անդամակցության հնարավորություն․ դառնալով անդամ՝ երիտասարդները կարող են մասնակցել ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային հարթակներում իրականացվող ծրագրերի։ Այս պահին AIESEC Հայաստանի թիմը կազմված է շուրջ 40-50 ակտիվ անդամից, սակայն կազմակերպությունն ունեցել է նաեւ 100 եւ ավելի անդամ»,- ասել է Ազատուհի Խաչատրյանը։

36-ամյա գործունեության ընթացքում AIESEC-ը Հայաստանում ունի շրջանավարտների մեծ համայնք, որոնք շարունակաբար աջակցում են նոր սերունդներին։ DataArt-ի հայաստանյան գրասենյակում ֆորումի անցկացումը նույնպես պատահական չէր. ընկերության փոխտնօրեն, ՄՌ ղեկավար Իշխան Մարգարյանը եւս AIESEC-ի շրջանավարտ է ու ինչպես ինքն է ասում՝ "Once an AIESECer, forever an AIESECer", ինչն արտահայտում է իր մշտական կապն ու աջակցությունը կազմակերպությանը։

«Իմ ճանապարհը AIESEC-ի հետ սկսվել է դեռ 2008-ին եւ շարունակվել մինչեւ 2011-ը։ AIESEC-ը մեծ դեր է ունեցել իմ մասնագիտական եւ անձնական աճում։ Շնորհակալ եմ այն գիտելիքի ու փորձի համար, որն ստացել եմ AIESEC-ում, ինչն էլ հետագայում օգտագործել եմ DataArt Հայաստանը համահիմնելու ընթացքում։

Իշխան Մարգարյանը Իշխան Մարգարյանը
photo © Mediamax


Ֆորումի խոսնակներն իսկապես ֆանտաստիկ, փորձառու մարդիկ են․ նրանք ունեն գիտելիք, որը պատրաստ են կիսել։ Ինձ համար հպարտություն էր հանդես գալ որպես խոսնակ՝ «Ազդեցությունը՝ ես եմ» թեմայով պանելային քննարկմանը։ Իմ խորին համոզմամբ՝ առաջնորդությունը տիտղոսի կամ պաշտոնի մասին չէ, առավել եւս՝ ֆինանսների։ Առաջնորդությունը հենց ազդեցության մասին է՝ այն դրական փոփոխության, որը յուրաքանչյուրս կարող ենք բերել մեր հասարակությանը»,- ասել է նա։

Իշխան Մարգարյանի խոսքով՝ DataArt-ի եւ AIESEC-ի արժեքները համընկնում են։ DataArt-ի առաքելությունն է տեխնոլոգիաների միջոցով դրական ազդեցություն թողնել աշխարհում։ Իսկ AIESEC-ը առաջնորդության միջոցով է ձգտում նպաստել դրական փոփոխություններին։

photo © Mediamax


«Ամեն անգամ, երբ համագործակցում ենք մեր գործընկերների հետ, մեզ համար առաջնային է հասկանալ տվյալ նախագծի ազդեցությունը հասարակության վրա։ DataArt Հայաստանը հենց այդ գաղափարից է ծնվել։ Հիշում եմ՝ երբ ես ու Արսենը նոր էինք ծանոթացել ու քննարկում էինք մեր տեսլականները, երկուսս էլ եկանք ընդհանուր եզրակացության․ ցանկանում էինք մեր գործով փոփոխություն բերել հենց Հայաստանում։ Մեր նպատակը միշտ եղել է դառնալ Հայաստանի լավագույն գործատուներից մեկը՝ ապահովելով պատշաճ աշխատանքային պայմաններ մեր թիմի համար եւ նպաստել երկրի տնտեսական զարգացմանը։ Մենք հավատում ենք, որ մեր ջանքերն արդեն որոշ չափով իրականացնում են այդ ազդեցությունը»,- եզրափակել է նա:

AIESEC-ը Երիտասարդ տնտեսագետների ասոցիացիա է, որը ստեղծվել է 1948 թվականին եւ համախմբում է երիտասարդների խնդիրներով, առաջնորդությամբ ու կառավարմամբ հետաքրքրված անհատներին: Ներկայում կազմակերպությունը գործում է 105 երկրում։