12:50 | 13.05.25 | Նորություններ | 128
Ucom-ի թիմը կրկին միացել է Արեւորդի ՀԿ-ին եւ վերջինիս գործընկեր Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC)՝ իրականացնելու ամենամյա ծառատնկման աշխատանքներ:
Ucom-ի աջակցությամբ Վայոց Ձորի մարզում 10 000 ծառ է տնկվելու, որից շուրջ 2000-ը մեկ օրվա ընթացքում տնկել են ընկերության աշխատակիցները FPWC-ի մասնագետների ուղղորդմամբ։
Աշխատանքն իրականացվել է Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի գեղատեսիլ լեռներում։
«Ծառատունկը մեր ընկերությունում դառնում է բարի ավանդույթ, եւ մեր աշխատակիցները մեծ սիրով են մասնակցում բնությունը վերականգնելու այս նախաձեռնությանը։ Մեզ համար շրջակա միջավայրի մասին հոգատարությունը մեր երկրին եւ հասարակությանը ծառայելու միջոցներից մեկն է, իրական կանաչ օպերատոր լինելու ձեւ է։ Ինչպես ջանասիրաբար մենք աշխատում ենք մեր ցանցերի արդիականացման ու նոր որակի ծառայություններ մատուցելու ուղղությամբ, այնպես էլ հետեւողական կերպով աշխատելու ենք, որ մեր երկրում ապահովենք շրջակա միջավայրի պահպանությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Մեզ համար չափազանց կարեւոր է, երբ ընկերություններն իրենց աշխատակիցների մասնակցությամբ դառնում են բնության վերականգնման գործընկերներ։ Սա ոչ միայն ծառատնկում է, այլ՝ համատեղ ջանք՝ վերածնվող անտառ ստեղծելու ուղղությամբ։ Մասնավորապես այժմ, երբ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17), առավել քան երբեւէ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս ակտիվ դեր խաղանք կենսաբազմազանության պահպանության եւ բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում» - ասել է Արեւորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը։